կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 11:34
Քաղաքական

Քադաֆիի օրինակը չբավարարեց ՀՀԿ-ականներին. Փոստանջյանի նախաձեռնությունը մերժվեց

Քադաֆիի օրինակը չբավարարեց ՀՀԿ-ականներին. Փոստանջյանի նախաձեռնությունը մերժվեց

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունը, ինչպես նաև «Գաղտնազերծման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հանձնաժողովն արդեն սկսել էր իր աշխատանքները, սակայն Զարուհի Փոստանջյանը ուշանում էր: Հանձնաժողովի նախագահ Հոնհաննես Սահակյանը կատակեց. «Ներս հրավիրեք տիկին Փոստանջյանին, թե չէ լյուստրացիայի կենթարկենք նրան»:

ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն էլ ուշացող Զարուհի Փոստանջյանին դիմեց, թե` ամեն գնով ինտրիգը պահպանում է:

Զարուհի Փոստանջյանը իր ելույթում, խոսելով ժողովրդական ապստամբության իրավունքի մասին, վստահաբար նշեց, թե այս տարի ամռանը ՊՊԾ գնդի գրավման հետ կապված տեղի ունեցածը ապստամբություն էր` նման 1901թ ժողովրդական ապստամբությանը, երբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը` դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` որքան Հանրապետականը մնում է իշխանություն, այնքան ժոովուրդը դառնում է խոցելի: Նրա համոզմամբ՝ լավ չի լինի, եթե հայ ժողովուրդը գնա Լիբիայի ժողովրդի ճակատագրով: Պատգամավորը հիշեց Քադաֆիին` ասելով, որ լավ չէր լինի, որ նման բան Հայաստանում էլ լիներ:

Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց. «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Պատմական ակնարկ ես էլ կարող եմ անել, մեր պապերից, հողերից, թե ցարն ինչ է կարծում, ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը, բայց ԱԺ-ն պատմական ակնարկների տեղ չէ: Կարճ խոսեմ, որ արագ էս հարցը փակենք»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հավելեց. «Նախ` պատմական ակնարկը «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ ճիշտ կլիներ հայտարարության տեքստով ներկայացնեիք ԱԺ հայտարարությունների ժամին: Լավ կլիներ, տիկի'ն Փոստանջյան, հիշեիք այն ոստիկաններին, ովքեր իրենց ծառայությունն իրականացնելիս զոհվեցին: Լավ կլիներ, որ ճիշտ ներկայացնեիք պատմական ակնարկը: Մենք տեսանք, որ ժողովուրդը չգնաց այդ մարդկանց հետևից: Չէի ուզենա` նման նախագիծ բերեիք, քննարկեիք այստեղ` մի շարք հայտնի պատճառներով: Մարդկանց խոսքը ցիտելուց առաջ բարի եղեք ամբողջությամբ ցիտել: Մենք դեմ ենք այս նախագծին` թե' իրավական, թե' պատմական ակնարկների առումով»:

Զարուհի Փոստանջյանը եզրափակեց խոսքը` ասելով, որ զոհերի վերաբերյալ ուզում էր վերջում խոսել, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: «Բոլոր զոհերը մեր արյունն են, դրան է միտված այս նախագիծը, որ ապագայում չունենանք զոհեր»,- ասաց նա:

Քվեարկությամբ` հարցը չընդգրկվեց նիստերի օրակարգում: