կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-04 17:36
Հասարակություն

Ինչ եղել է կռվի ժամանակ, պետք է թողնել էնտեղ. պատերազմ, որ փոխեց կապիտանի կյանքը

Ինչ եղել է կռվի ժամանակ, պետք է թողնել էնտեղ. պատերազմ, որ փոխեց կապիտանի կյանքը

Ինչ եղել է կռվի ժամանակ, պետք է թողնել էնտեղ՝ մարտի դաշտում. ասում է ապրիլյան պատերազմի մասնակից, տանկային դասակի հրամանատար, կապիտան Լևոն Պետրոսյանը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո ծնունդով ջավախքցի Լևոնը նորաստեղծ ընտանիքով տեղափոխվեց Արցախ՝ ծառայության անցնելով տանկային զորքերում:

Ապրիլյան պատերազմը շրջադարձային եղավ զինվորականի համար. կռվի օրերին ստացած վնասվածքները ծանր էին, շուրջ մեկ տարվա բուժումից հետո Լևոնն ապաքինվեց և ծառայության անցավ Շենգավիթի զինկոմիսարիատում:

Yerkir.am-ի հետ զրույցում Լևոնն առաջին անգամ է խոսում ապրիլյան պատերազմի, երկարատև բուժման, նոր աշխատանքի մասին:

-Ինչո՞ւ հենց տանկային զորքեր:

-Տանկն այն տեխնիկան է, որը ադրենալին է տալիս. ավտոմատով այլ է, տանկի մեջ՝ այլ, այստեղ քեզ ավելի վստահ ես զգում, ավելի ուժեղ, ավելի պաշտպանված: Տանկը լուրջ տեխնիկա է, դժվար է այն ճակատից խոցել:

-Ե՞րբ առաջին անգամ լուրջ առաջադրանք կատարեցիր տանկով:

-2014 թվականն էր, Արցախում մասնակցում էինք «Միասնություն-2014» զորավարժությանը: Իհարկե, այդ ժամանակ գործ ունեինք ոչ թե իրական, այլ պայմանական հակառակորդի հետ: Իրական հակառակորդի հետ առերեսվեցի 2016-ի ապրիլին, այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր:

- Ե՞րբ հասկացար, որ գործ ունենք ոչ թե մինչդիրքային կռվի, այլ լայնածավալ պատերազմի հետ:

-Գրոհի ժամանակ, երբ առաջադրանք էր տրված հետ վերցնել մեր մարտական դիրքը: Առաջադրանքը կատարեցինք, սակայն երբ հաջորդ դիրքի վրա պետք է կրակեինք, ընկա խոցման գոտում, տանկը հետ տվեցի և հենց տանկի մեջ էլ լուրջ վնասվածքներ ստացա՝ ձախ ձեռքիս մատները կտրվել էին, գլխիս հատվածում հարված էի ստացել: Գիտակցության եկա, տղաները հանեցին ինձ տանկի միջից:

-Թիկունքում զգո՞ւմ էիր անձնակազմիդ տղաների ներկայությունը:

-Գրոհի ժամանակ, երբ տանկում պետք է ևս մեկը լիներ, տղաների մոտ ոգևորություն էր, 4 զինվոր ուզում էր լինել իմ անձնակազմում: Լավ էի զգում, որ մարտունակ զինվորներ ունեմ:

-Ինչպե՞ս էիր կռվի ժամանակ ինքդ քեզ ուժ տալիս, հաղթահարում վախը:

-Չես կարող քեզ ուժ չտալ, դու անձնակազմ ունես, դու պետք է մնացածին ուժ տաս: Պատերազմի ժամանակ քո մասին ամենավերջում ես մտածում, այդ պահին կարևորը քո պատասխանատվության տակ գտնվող անձնակազմն է՝ զինվորները:

-Այդ օրերին ընտանիքդ Մարտակերտում էր:

-Այո, աղջիկս փոքր էր, բայց գնդակոծությունից չէր վախենում, ասում էր` սայլուտ է (ժպտում է): Առաջին կուրսի կուրսանտ էի, երբ ծանոթացա կնոջս հետ: Շուտ եմ ամուսնացել՝ 3-րդ կուրսում, երբ 19 տարեկան էի: Սկզբում կնոջս համար դժվար էր հարմարվելը, մանավանդ` երբ տեղափոխվեցինք Մարտակերտ, հետո հարմարվեց:

-Ժամանակի ընթացքում ավելի մշուշոտ են դառնում պատերազմական դրվագները, քեզ մոտ է՞լ է այդպես:

-Շուրջ 2 տարի է անցել, բայց ամեն վայրկյանը հիշում եմ, որովհետև եթե ապրել ես այդ պահը, չես կարող մոռանալ: Ապրիլյան պատերազմում կորցրել եմ ընկերոջս՝ Արգիշտի Գաբոյանին: Նրա հետ միևնույն կուրսում էինք սովորել:

-Ի՞նչը օգնեց քեզ ապաքինվել, վերադառնալ աշխատանքին:

-Շուրջ մեկ տարի բուժում եմ ստացել, սկզբում` բուժկետ, հոսպիտալ, վիրահատություն, հետո` Սիսիանի հոսպիտալ, Մուրացանի հոսպիտալ, նևրոզների կլինիկա…Իհարկե, այդ ընթացքում ընտանիքս կողքիս էր` կինս, աղջիկս:

-Դաշտային պայմաններից հետո զինկոմիսարիատի աթոռներն անսովոր չե՞ն:

-Սկզբում շատ անսովոր էր, մանավանդ` Թալիշից հետո… Արդեն մեկ տարի է` Շենգավիթի զինկոմիսարիատում եմ աշխատում, հարմարվել եմ:

-Ապրիլից հետո եղե՞լ ես Արցախում:

-Մարտակերտ եմ գնացել, տղերքն էնտեղ են, բայց Թալիշ չգնացի… Էնտեղի հետ կապված հիշողություններն ուրիշ են…Ապրիլյան պատերազմն անցավ-գնաց, ինչ եղավ, ինչ կատարվեց, մնաց էնտեղ՝ մարտի դաշտում: 
-Ի՞նչ խորհուրդ կտաս ձմռանը զորակոչվողներին:

-Կրտսեր եղբայրս Արցախում է ծառայում, ձմռանը կզորացրվի: Ինչպես նրան եմ խորհուրդ տվել, նույնն էլ մեր նորակոչիկներին կասեմ՝ թող նվիրված լինեն մեր ազգին, անփորձանք ծառայեն, վերադառնան տուն:

-Ի՞նչ կուզես թողնել հին տարում:

-Ինձ համար տարին տարի է, հին ու նոր չկա, կարող ենք այնպես անել, որ հենց վաղն էլ լավ լինի, ամեն ինչ մեզնից է կախված:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ