Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշեցիների մեծ մասն այսօր էլ Արցախում են։ Բայց դե Գարիգին Նժդեհն էր ասում՝ ով տիրեց Շուշիին, կտիրի Արցախին։ Հիմա թշնամու ափի մեջ ենք, ամեն պահի վտանգ է սպառնում՝ կրակոցներ դիրքերի վրա, վաղը-մյուս օրն, ո՞վ է իմանում, ինչ կկատարվի,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ովքեր նախքան Շուշին հանձնելը աշխատում էին քաղաքի ուժային կառույցներում, մեծամասամբ տեղավորվել են աշխատանքի, բայց մի մասն էլ շարունակում է ապրել անօթեւանի կարգավիճակով, իսկ պետության տված 68 հազար դրամ սոցիալական վճարն էլ քանի ամիս է՝ չեն ստանում։
«Էդ 68 հազար դրամը չտալը չաշխատող խավին մեծ պրոբլեմների առաջ է կանգնացնում։ Տարբեր տեղերից սննդի ու այլ օգնություններ կային, դրանք էլ չկան արդեն։ Պետք է ծրագրեր մշակեն, որ էս մարդկանց նորից կարողանան օգնություն ցուցաբերեն»,-ասաց Սարգսյանը։
Շուշեցի երեխաները, նախկին քաղաքապետի խոսքով, կարողանում են դպրոց գնալ Ստեփանակերտում, նույնիսկ ուսուցիչներն են տեղավորվել աշխատանքի։ Արծվիկ Սարգսյանն ասում է՝ Արցախի ու Հայաստանի չկողմնորոշված վիճակն է այսօր իրենց շատ մտահոգում։
«Պիտի նախ Հայաստանը կարգավորվի, որ Արցախն էլ կարգավորվի։ բայց ոնց երեւում է՝ կամաց-կամաց մոռացվում է ամեն ինչ։ Բայց դա չպետք է այդպես լինի։ Եթե Ադրբեջանը 30 տարի չի ունեցել Շուշի, Աղդամ, Զանգելան, բայց մարդկանց սնուցել են, որ վերադառնալու եք այնտեղ։ Հիմա նույնը մենք պետք է անենք։ Հայտարարություններ ենք լսում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր են լցնում, որ Շուշին ադրբեջանական է եղել, Ղարաբաղը ադրբեջանական է եղել։ Սրանք չեն մտածում, որ Ադրբեջանը 100 տարեկան է, բայց էն, ինչ եղել է, մերն է։ Դաշտային Արցախ ենք ունեցել, Բաքուն մերն է եղել։ Կարծես մոռացվել է ամեն ինչ, որը հանցագործություն է։ Շուշիում ինչը փորում ես, հայկական է, հայկական տառեր են բացվում։ Շուշիի տակ մի ուրիշ Շուշի էլ կա»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ վերջին տարիներին Շուշին շինհրապարակ էր դարձել․ քաղաքում շինարարությունը եռում էր, մարդիկ ապահով ու անվտանգ էին ապրում։ Իսկ նա, ասում է Սարգսյանը, ով Շուշին ադրբեջանական քաղաք է համարում, պիտի պապանձվի։ Արծվիկ Սարգսյանն ասում է՝ 7 տարի ղեկավարում էր Շուշին, ամեն անգամ հիացմունքով էր նայում շինարարական եռուզեռին, իսկ այսօր, մեկ ստորագրությամբ, քաղաքը հանձնվեց թշնամուն։
«Եթե ադրբեջանական անուններ են տալիս, ուրեմն պայմանավորվածություն է։ Թշնամին սոցցանցերում գրում է՝ տեսնո՞ւմ եք՝ Հայաստանի իշխանությունը ադրբեջանական գյուղերի անուններ է տալիս։ Թե՛ խոսքով, թե՛ գործով չպետք է զիջենք թշնամուն»,-ասաց Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում