Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեղերի արտադրության ոլորտում Պատշաճ արտադրական գործունեության միջազգային կարգերով աշխատող կազմակերպություների թիվն ավելացավ երկուսով։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը «Թուֆենքժի Գրուպի» և «Բիո-Քիմ» դեղագործական ընկերությունների տնօրեններ Քառլո Գասպարին և Աշոտ Ավետիսյանին հանձնեց Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, GMP) հավաստագրեր:
«Այսպիսով նախարարությունը փաստում է, որ ձեր կողմից տնօրինվող արտադրությունները համապատասխանում են Պատշաճ արտադրական գործունեության միջազգային կարգերին։ Բայց սա ընդամենը սկիզբն է։ Մենք հույս ունենք, որ որակական թռիչքաձև այս զարգացումը հիմք կծառայի դեղերի արտադրության ոլորտում նոր զարգացումների` ձեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, Հայաստանի համար գրավիչ շուկաներում տեղ գտնելու գործում»,-ասել է Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ դա համահունչ է հայրենական դեղագործության զարգացման նպատակով արտահանմանն ուղղված ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը։
Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրումը դրա իրագործման առանցքային գործընթացն է։ Այն մեր արտադրողներին հնարավորություն է տալիս զարգացնելով արտադրությունը` ընդլայնել արտադրանքի իրացման սահմանները:
Քառլո Գասպարն ընդգծեց, որ իրենց կողմից արտադրվող գեներիկ դեղերի արտահանման համար Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայությունը պարտադիր պայման էր։ Նա վստահեցրեց, որ «Թուֆենքժի Գրուպը» 2018-ին դուրս կգա արտաքին շուկա։
Այսպիսով, Հայաստանում դեղ արտադրող 19 կազմակերպությունից 5-ն արդեն աշխատում է Պատշաճ արտադրական գործունեության կանոններով: Սա ոչ միայն արտադրվող դեղերի որակի մշտական պահպանման, այլև միջազգային շուկայում հայկական ատադրությունը ներկայանալի դարձնելու գրավական է։
Ամբողջությամբ Պատշաճ արտադրական գործունեության կանոններով են աշխատում նաև «Լիկվոր», «Արփիմեդ» և «Ֆարմատեք» կազմակերպությունները։
Հավելենք, որ դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները, որով հիմք դրվեց Հայաստանում դեղերի արտադրության ոլորտի պետական կարգավորմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2010թ. նոյեմբերին։