Դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ինչպես նաև զորակոչի աշխատանքներում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Ես եմ» ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հարցումների արդյունքներին։ Նախանշվել են նաև ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման աշխատանքները։
Ամփոփելով հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման առանցքային հարցերի շուրջ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ։