կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 15:07
Մշակույթ

Ֆիլմը կարող է լինել հայրենական արտադրության, բայց ազգային կինոյի կարգավիճակ չստանա

Ֆիլմը կարող է լինել հայրենական արտադրության, բայց ազգային կինոյի կարգավիճակ չստանա

Այսօր  մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց կինոյի ոլորտում կատարված աշխատանքները և ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրերն այս ոլորտում:

Փոխնախարարը նշեց,որ իրենց համար այս տարվա  կարևոր ուղղություններից մեկը  կինոյի ոլորտի բարեփոխումներն էր: Ըստ նրա՝ նախ անհրաժեշտ էր ստեղծել իրավական հիմքեր և քանի որ չունեինք կինոյի մասին օրենք և  առաջնորդվում էինք կառավարության որոշումներով և այլ փաստաթղթերով, այդ իսկ պատճառով, Պողոսյանի խոսքով, կարևոր էր կինոյի մասին օրենք ունենալը: «Կինոյի մասին օրենքը գտնվում է կառավարությունում: Մենք մոտ 6 ամիս հանրային քննարկումներ անցկացրեցինք: Կինոյի մասին օրենքով օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, այսինքն՝  կինոարտադրողը, ով Հայաստանում ֆիլմ նկարելու համար 100 միլիոնից ավել ներդրում կիրականացնի, պետությունը 20 տոկոսը հետ կվերադարձնի նրան»,-ասաց Պողոսյանը:

Կինոյի օրենքի մասին հայ կինոգործիչների բողոքների մասին խոսելիս՝ փոխնախարարը նշեց, որ հանրային քննարկումներ են եղել կինոգործիչների հետ, հնչել են բազմաթիվ   առաջարկներ.«Ասում են՝ ազգային կինոյի վերաբերյալ դրույթ չկա, սակայն ազգային կինոյի վերաբերյալ ի սկզբանե եղել է դրույթ, որով մենք պաշտպանում ենք  կինոարտադրողի շահերը: Ֆիլմը կարող է լինել հայրենական արտադրության, բայց ազգային կինոյի կարգավիճակ չստանա, որովհետև այդ կարգավիճակի համար ավելի լուրջ պայմաններ կան: Այդ կարգավիճակի համար ֆիլմը պետք է համապատասխանի մի շարք դրույթների՝ գրված լինի  հայերեն լեզվով, գումարի 50 տոկոսը  Հայաստանում ծախսված լինի, հայկական կինոարտադրողի կողմից նկարված լինի, ստեղծագործական կազմի 50 տոկոսը ՀՀ քաղաքացի լինի, իսկ բովանդակային ու գաղափարական առումով ուղղված լինի մեր մշակույթին: Հենց այս ֆիլմերը կառավարության կողմից հատուկ արտոնություններ կստանան»: