Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Ամոս Գիտայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գիտայը նշեց, որ թեեւ առաջին անգամ է Հայաստանում, բայց իրականում երկար տարիներ մտածել է Հայաստանի մասին ու ներքուստ միշտ ցանկություն ունեցել, որ այստեղ կա ժողովուրդ, որն անցել է ջարդերի միջով և կարիք ունի, որ իր ցավն աշխարհին ներկայացվի:
«Կինոյի աշխարհն ընտանիքի պես է, եթե այդ ոլորտում ես մի մեծ ընտանիքի մաս ես կազմում: Ես միշտ շարք հայ ընկերներ ունեմ, Ատոմ Էգոյանի հետ եմ ընկերություն անում»,- ասաց Գիտայը:
Ըստ նրա` կինոն հզոր ձև է` հիշողությունը պահպանելու: Գիտայի կարծիքով` ռեժիսորի աշխատանքը չպետք է լինի լրագրողական, քանի որ ֆիլմը ոչ միայն պետք է տեղեկատվություն հաղորդի, այլև ռեժիսորի վերաբերմունքը կարողանա արտացոլել:
«Կարևորը բաց հասարակություն ունենալն է, որտեղ արվեստագետները կկարողանան ազատ հարաբերվել իրականության հետ: Շատերն ասում են, որ իմ ֆիլմերում սուբյեկտիվությունը մեծ տեղ է զբաղեցնում, այո, ես համաձայն եմ, քանի որ իմ անձնական մոտեցումն է իմ ֆիլմերում ներկայացված: Ես պաշտոնական խոսնակ չեմ և լրատվություն չեմ փոխանցում, անգամ ԶԼՄ-ներն են սուբյեկտիվՙ, ինչի՞ մասին է խոսքը: Այն, ինչ անում եմ ես` սեփական ընկալումները ներկայացնելու միջոցով, ազատ կարծիքի ձևավորմանը նպաստելն է»,- ասաց ռեժիսորը:
Նրա կարծիքով` կինոյի աշխարհը հիմա հարուստ է փողով, բայց աղքատ` գաղափարներով: Գիտայը հավաստիացնում է` կինոյի աշխարհում գաղափարական սով է, կինոյի դպրոցներն անվերջ կրկնում են իրենք իրենց:
«Ես Փարաջանովի արվեստը շատ եմ գնահատում, և գիտե՞ք` ինչու է նա նման հաջողությունների հասել, որովհետև համբերատար է եղել, թեեւ անցել է տառապանքների միջով: Հաջողության ճանապարհը հեշտ չի տրվում, պետք է դանդաղ գնաս դեպի հաջողությունը: Ֆիլմ ստեղծելը սովորեցնել չէ, դու ինքդ ես սովորում»,- ասաց կինոռեժիսորը:
Գիտայն իր ֆիլմերից շատերում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և նշում է, որ ինքն, իհարկե, ունի իր կարծիքը և կարծում է, որ խաղաղությունը պատերազմից լավ է, բայց իր ֆիմերի միջոցով նա փորձում է ոչ թե մեղավորներ գտնել, այլ երկխոսության եզրեր առաջարկել. «Հակամարտության թեմային անդրադառնալիս հասկացել եմ, որ այնպես չէ, որ կողմերից մեկը հրեշտակ է, մյուսը` սատանա, բանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրում էլ կա և' սատանա, և' հրեշտակ»: