կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-09 11:38
Հասարակություն

Պետք է բարձրացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակը. հանձնարարական

Պետք է բարձրացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակը. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց վարչական կարգով բողոքարկման որակի բարձրացման մասին: Նրա խոսքով` վարչական ակտերի` վարչական կարգով բողոքարկումը, ի տարբերություն դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում: Սակայն իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական ակտերը բողոքարկվում են մեծ մասամբ ոչ թե վարչական, այլ դատական կարգով:

Վարչապետի խոսքով` խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումներ`ի հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։

«Միաժամանակ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին։ Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ գործադիրի ղեկավարը արդարադատության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: