կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 12:44
Առանց Կատեգորիա

Պոմիդոր չկա, յոնջա կերեք

Պոմիդոր չկա, յոնջա կերեք

Երբ մայիսի 12-ի կարկտահարությունից 100 տոկոսով տուժած արմավիրցիները չէին հավատում կառավարության` օգնության խոստումներին եւ պահանջում էին վնասը փոխհատուցել ամբողջապես եւ գումարով, պարզվում է` ճիշտ էին անում: Գյուղացիների տառապանքը փորձ ունի:

 

Կառավարությունը հաշվարկել էր 25 միլիարդ դրամի վնաս, խոստացավ փոխհատուցել ընդամենը 10 տոկոսի չափով: Սակայն պարզվում է` այդ 10 տոկոս օգնությունն էլ մեծ մասամբ բանի պետք չէ. տալիս են ոչ այն, ինչ անհրաժեշտ է եւ տալիս են` ըստ հայեցողության:

 

Մեզ զանգահարած` Ակնալիճ գյուղի բնակիչները գյուղնախարարության օգնությունը համարում են ծաղր: «Մի աշխարհ պոմիդոր, վարունգ ու պղպեղ եմ ցանել, լրիվ կարկուտը սրբեց-տարավ: Էսօր բերել, յոնջայի սերմ են տվել, ես ի՞նչ անեմ սրա հետ: Դա տվել են, որ ի՞նչ անեմ»,- ասաց նրանցից մեկը:

 

Գյուղացիները դժգոհում էին, որ կարկուտը ոչնչացրել է բոլոր մշակաբույսերն ու ցանքատարածությունները, իսկ գյուղնախարարությունը գյուղապետարանի միջոցով բաժանել է «մի-մի գդալ» առվույտի (յոնջա) եւ լոբու սերմ: Բնակիչների մեծ մասը հրաժարվել է վերցնել սերմը: Բոլոր գյուղերում չէ, որ միայն առվույտ են տվել. այն գյուղերում, որոնց վնասն անհամեմատ մեծ է (100 տոկոս), բաժանել են արեւածաղկի, վարունգի, եգիպտացորենի եւ այլ սերմեր` կրկին մեկ գդալ` յուրաքանչյուր ընտանիքի, եւ սածիլներ: Այնինչ գյուղացիները չեն ցանկանում կրկնակի ցանք կատարել՝ դա համարելով ոչ արդյունավետ:

 

Ի դեպ, այս օրերին բազմաթիվ արմավիրցիներ բողոքում են, որ սերմացուն բաժանվում է ըստ քաղաքական ճաշակի. գյուղերում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է փետրվարի 19-ի ընտրություններում, բաժանել են միայն առվույտ, եւ բողոքների արդյունքում է, որ որոշել են փոխել օգնության տեսականին՝ տալով նաեւ լոբի: Իսկ գյուղացիները, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում հրաժարվում են սերմերից: Մեր հարցին` բա հիմա ի՞նչ եք անելու, հուսահատ գյուղացիները պատասխանեցին. «Գնալու ենք այլոպորտ»:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ