կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 10:27
Քաղաքական

Որքանո՞վ է արժանահավատ 3,5% գնաճի տվյալը. Փաշինյանը ներկա է բյուջեի քննարկումներին

Որքանո՞վ է արժանահավատ 3,5% գնաճի տվյալը. Փաշինյանը ներկա է բյուջեի քննարկումներին

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Բյուջեի քննարկումների վերջին օրը ներկա է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց, որ կառավարությունը հաշվարկել է, որ 2018 թվականին ունենալու ենք 3,5% գնաճ, ապա հետաքրքրվեց. «Ինչքանո՞վ է արժանահավատ այս տվյալը, քանի որ ԵՏՄ մտնելուց հետո որոշակի գնաճային ճնշումները մեծանալու են, և լայն սպառման ապրանքները թանկանալու են»:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ պատգամավորը, հավանաբար, դեֆիլյատորը նկատի ունի` 3.5 տոկոս ասելով, քանի որ նախագծով գնաճը նախատեսվում է 4 կամ գումարած հանած 1.5 տոկոս։ «Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ արժանահավատ են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»,- ասաց նա։

Փաշինյանն էլ ասաց, որ իր հարցի երկրորդ մասն անպատասխան մնաց: «ԵՏՄ մաքսային օրենսգրքի` ուժի մեջ մտնելուց հետո ապրանքների թանկացման պայմաններում պատճառահետևանքային կապ կա՞, թե՞ ոչ, քանի որ փորձագետներն ասում են` կա»,- ասաց պատգամավորը:

Ջանջուղազյանն էլ նշեց, որ որոշ ապարանքատեսակներ այլ վարքագիծ կարող են ունենալ, բայց ինչ վերաբերում է փորձագետներ կարծիքին, դրանց դժվար է արձագանքել, քանի դեռ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում է: