կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 10:47
Քաղաքական

Բյուջեի քննարկումներն անցնում են կիսադատարկ սրահում

Բյուջեի քննարկումներն անցնում են կիսադատարկ սրահում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ներկա են քիչ թվով պատգամավորներ:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԳՆ-ի համար 2018-ին նախատեսվել է տրամադրել 15,7 մլրդ դրամ, իսկ Սփյուռքի նախարարությանը` 1 մլրդ 44 մլն դրամ: 

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով  նախարարության` 2018-ի ծրագրերը, նշեց, որ նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները արտահայտված են կառավարության ծրագրում և հիմնականում ուղղված են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա են պատկերացնում այդ կարգավորումները:

«Նաև` ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված իր քաղաքականությունն է շարունակելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Շարունակելու ենք մեր աշխատանքները միջազգային կառույցների հետ` ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում, ԵՄ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվելով»:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական տնտեսական բաղադրիչին է լուրջ ուշադրություն դարձվելու: «ԱԳՆ-ն պետք է օժանդակի խորհրդարանական դիվանագիտությանը, ինչը նորություն է, նախկինում չի եղել նման բան»,- եզրափակեց նա: