Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման համար անհրաժեշտ պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ, իսկ աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ավելացել են 51.2 տոկոսով: Զեկուցվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254-ը դեռևս կատարման ընթացքի մեջ են:
Վ. Տերտերյանն անդրադառնալով հոկտեմբերի 21-ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին, նշել է, որ արդեն իսկ ծավալուն աշխատանքներ են կատարվել և դրանք շարունակվելու են մշտապես: Նա հորդորել է համապետական և մարզային կառույցների ներկայացուցիչներին բնակչությանը, պատկան մարմիններին ակտիվությամբ ներգրավել շաբաթօրյակի աշխատանքներում: «Կառավարությունը Կոշտ կենցաղային թափոնների մասին ռազմավարություն ունի ընդունած, և այս բոլոր աշխատանքներն իրականացվում են այդ համատեքստում: Ուղղակի մենք ՀՀ վարչապետի կոչով նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրով փորձում ենք իրավիճակը դարձնել կառավարելի, այսինքն՝ ունենալ մաքուր միջավայր, ավելի չապականել և զուգահեռ ունենալ խոշոր աղբավայրեր, որոնցով հնարավոր կլինի խնդիրն ամբողջական կարգավորել: Մենք փորձում ենք շաբաթօրյակներով նաև այլ խնդիր լուծել՝ վերջիններս ունեն նաև դաստիարակչական, քարոզչական նշանակություն, ինչը շատ կարևոր է»,-ասել է Վ. Տերտերյանը, տեղեկացնելով, որ առաջիկայում նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, և չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները կձևակերպվեն ավելի հստակ:
Մարզերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են հոկտեմբերի 21-ին ծրագրված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները, տեղեկացրել շաբաթօրյակին նախատեսվող կոլեկտիվների և քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ի շաբաթօրյակի շրջանակում ծառատունկ է կազմակերպվելու Եռաբլուր պանթեոնում: «Նախատեսում ենք ունենալ ջրավազան, որի միջոցով ոչ միայն պիտի ոռոգում իրականացնենք, այլև ապահովենք անհրաժեշտ պարարտանյութերով և հավելումներով: Աշխատելու ենք ճիշտ ժամանակահատվածում իրականացնել ծառատունկը և հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ծառատունկի հետ կապված աշխատանքներն հասցնելու ենք իրենց ավարտին»,- ասել է Ա. Դավթյանը:
Ըստ Բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ «Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից պարբերաբար տարածքում իրականացվել են աղբի հավաքման և տարածքից դուրս բերման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում կնքվել է հողի վարձակալության 875 պայմանագիր, որից 255-ը աղբահեռացման պայմանագրեր են: 255 կետերում տեղադրվել են աղբակողովներ:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ներկայացվել է ինտերակտիվ վիրտուալ տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները, ինչպես նաև առաջարկում է դրանց լուծման ժամանակակից, արագ և արդյունավետ տարբերակ: Այն միաժամանակ հանդիսանում է իրավիճակը հսկելու և վերահսկելու բաց և թափանցիկ մեխանիզմ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շաջանակում գործում է www.cleanarmenia.am պաշտոնական վեբ կայքը:
Հանձնաժողովի նիստի ավարտին ևս մեկ անգամ կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:
Հասարակայնության հետ կապերի բաժին