Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերն ու հորդորել տնտեսվարողներին ինքնակամ վճարել չվճարված հարկերը և ստվերային շրջանառությունը բերել հարկման դաշտ:
Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի, ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը, իսկ որոշ տնտեսվարողների մոտ կամերալ ուսումնասիրություններ են կատարվել, չվճարված հարկերի վերաբերյալ՝ նախնական հաշվարկներ և ուղարկվել ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Սամվել Սինանյանի խոսքով՝ տնտեսվարողները, ծանոթանալով փաստաթղթերին, ներկայացրել են ճշտված հաշվետվություններ և վճարել թաքցված շրջանառությունից չվճարված հարկերը. «Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության»:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործեր են հարուցվել «Կարտիգնար» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 2015թ. շահութահարկի վերաբերյալ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու և 5.2 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, «Գեոդաթ» ՍՊ ընկերության դեմ՝ իրականից ավելին ծախսագրելու հետևանքով հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներառելու և 4.9 միլիոն դրամ հարկ չվճարելու համար: «Մաքուր և ուղիղ» ՍՊԸ-ի վերաբերյալ էլ նույն հոդվածի 2-րդ մասով է հարուցվել քրեական գործ՝ հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներկայացնելու և 15.8 միլիոն դրամ չվճարելու համար, իսկ «Գավառի ՃՇՇ» ընկերության դեմ՝ անհուսալի կրեդիտորական պարտքերի մասով հաշվետվություններ չներկայացնելու միջոցով շուրջ 28 միլիոն դրամ հարկ չվճարելու համար:
Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Սինանյանի, 2017-ի ընթացքում վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ: Նրա դիտարկմամբ՝ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը: «Արհեստականորեն նվազեցնում են նաև իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու և դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաև ձեռք բերված և իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ և այլն»:
Կոմիտեն վճռական է հարկային և մաքսային ոլորտներում ցանկացած իրավախախտման բացահայտման գործում և բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը՝ ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին