կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 15:26
Հասարակություն

Դատախազության նախաձեռնությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Լոռիում բնակարանային գողությունները նվազել են

Դատախազության նախաձեռնությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Լոռիում բնակարանային գողությունները նվազել են

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը:

Դատախազությունից հայտնում են, որ նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։

Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում, թեև ընդհանուր առմամբ դրանք հեռու են բավարար համարվելուց: Մասնավորապես, եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է  18.9%, ապա 2021թ.՝ 19,4%։

Վերոնշյալ դրական միտոմները մեծապես պայմանավորված են մի կողմից բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից նախանշված և Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հարցում ցուցաբերված հետևողականությամբ:

Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, որոնցով վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները: Խնդիր է դրվել գործուն քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Ներկայացված միջնորդագրերը քննարկվել են դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք: Մասնավորապես, Վանաձորում տեղադրվել է 97,  Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Ընդ որում՝ զգալի դեպքերով հանցագործությունների բացահայտման համար առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց տեսագրությունների ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:    

Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։

Միջնորդագրերի քննարկման ընթացքում համայնքները պարտավորվել են շարունակել աշխատանքները նշված ուղղությամբ, ինչը կնպաստի համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիության պաշտպանւթյան վիճակի բարելավմանը:

Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը՝ մարզի դատախազությունից քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու վերաբերյալ։

Ելնելով 2021թ. կատարված աշխատանքների արդյունքներից, բնակարանային գողություններով պատշաճ և ընդգրկուն աշխատանք կատարելու, հատկապես հանցագործությունները բացահայտելուն միտված առարկայական գործողություններ իրականացնելու, նշված հանցատեսակին նպաստող պատճառները և պայմանները վերացնելու համար Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։