կարևոր
853 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-04 10:58
Քաղաքական

Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները. Վարդան Ղուկասյան

Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները. Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«Սիրելի’ հայրենակիցներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:

Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը:

Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով:

Սիրելի’ հայրենակիցներ

Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե:

Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։