կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 15:58
Իրավական

Մարդկանց ստիպողաբար «բերման էին ենթարկում» ընտրատեղամաս. Արթուր Սաքունց

Մարդկանց ստիպողաբար «բերման էին ենթարկում» ընտրատեղամաս. Արթուր Սաքունց

Երեկ հանրապետության տարբեր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդները մոտ 190 խախտում են արձանագրել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ  արձանագրված խախտումները ներառում էին ընտրախախտումների բոլոր հայտնի դրսևորումները:

«Համատարած են եղել կաշառքի վերաբերյալ բողոքները, մահացած անձանց անունից քվեարկությունները, դիտորդների իրավունքների խախտումները և այլն։ Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ անձը եկել է քվեարկելու և չի ճանաչել իր անվան դիմաց դրված ստորագրությունը։ Այս խախտումների վերաբերյալ ահազանգերի մեծ մասին իրավապահներն ընթացք չեն տվել»,- ասաց նա:

Դիտորդի խոսքով՝ այս ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ ԿԸՀ-ն չունի անկախություն, և նրա միակ դիրքորոշումն այն է, որ քվեարկության ընթացքում կեղծիքների վերաբերյալ բոլոր հաղորդումներն էական նշանակություն չունեն: Ըստ նրա՝ ԿԸՀ-ն առնվազն 5-6 օր ուներ, որպեսզի արդյունավետ վարչարարություն անցկացներ և նոր նման եզրահանգում կատարեր:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ընտրություններում հանձնաժողովի նախագահները համառություն և կամք չեն դրսևորում կամ բավարար չափով չեն տիրապետում ընտրական օրենսգրքին, ակնհայտ հոգեբանական խնդիրներ ունեն և ենթարկվում են դրսի հրահանգին:

«Այս ընտրություններում թաղային հեղինակությունները կուսակցական փաթեթով որոշակի ազդեցություն ունեցան ընտրությունների ելքի վրա: Այս պատճառով էլ ես այս ընտրությունները ազատ չեմ համարում։ Ընտրողն ազատ չի կարողացել իր տեսակետն ու մոտեցումը ներկայացնել: Մարդկանց ստիպողաբար «բերման էին ենթարկում» ընտրատեղամաս և ստիպում քվեարկել իրենց նախընտրած անձանց օգտին: Եվ որքան էլ քվեախցիկում ընտրողը միայնակ լինի, միևնույն է, ընտրողը կաշկանդված է անգամ ընտրախցիկում»,- ասաց նա: