Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես եկավ զեկույցով: Տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում բազմաթիվ օրենսդրական ակտեր են ընդունվել, ու նախարարը նկատել է, որ օրենքները երբեմն նաև իրար հակասում են, և ամբողջ օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա:
«Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներում է նախատեսվում ներառել հիմնական փոփոխությունները: Նա նշեց, որ նախատեսվում է բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովել, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը ԶՈՒ-ի նկատմամբ: Նախարարը վստահություն հայտնեց, որ կբարձրանա մեր բանակի մարտունակությունը:
Սարգսյանը նաև ներկայացրեց «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը և նախագծով առաջարկվող փոփոխությունները: Նա հայտնեց, որ ՊՆ-ի նախագծով տարկետում պետք է տան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Ընդ որում` դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաև մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Բացառություն է լինելու միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների, մրցանակակիրների, բացառիկ գիտելիքներով օժտված, տեխնիկական գիտությունների ուղղվածության այն ուսանողների համար, որոնք կցանկանան հնգամյա ծառայության անցնել ռազմաարդյունաբերական համալիրում՝ իրենց գիտելիքները ներդնել ռազմական գիտության եւ ռազմական արդյունաբերության զարգացման գործում:
«Մենք շատ կարևորելու ենք, որ, բացի ֆիզիկական պատրաստվածությունից, առողջական վիճակից, արժևորվի նաև հոգեբանական պատրաստվածությունը՝ հասկանալու համար դիմորդի սոցիալ-հոգեբանական պատկերը: Ծրագրում գտնվելու իրավունքը կարող են կորցնել ցածր միավորներ ունենալու դեպքում և զորակոչվել ժամկետային զինծառայության՝ որպես շարքային զինծառայող»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` «Ես եմ» ծրագրի նպատակներից է սոցիալական վերելակի ստեղծումը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, ինչը ենթադրում է, որ ծրագրով զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիըս մեկ շաբաթ անցկացնելու են տանը: «Մեկ շաբաթ լինելու են տանը, մեկ շաբաթ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության և երկու շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնելու: Զինվորը, իր ընկերների, իր ընտանիքի հետ շփվելով, ապահովելու է բանակի մեծ թափանցիկությունը, ստեղծվելու է հնարավորություն մատնանշելու և ախտորոշելու խնդիրները հենց ծառայության ընթացքում: Սրանով հնարավորություն են տալիս անցնելու պայմանագրային ծառայության եւ ստանալու փոխհատուցում»,- ասաց նախարարը:
Սարգսյանը նշեց, որ այս դեպքում նաև պատվովճարներ են նախատեսվում, և զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում այն շարունակվելու է վճարվել նրա ընտանիքին:
Ինչ վերաբերում է տարկետմանը, նախարարն ասաց, որ այն ուսանողները, ովքեր հիմա սովորում են ասպիրանտուրայում, մագիստրատուրայում, մինչև 2020-ի դեկտեմբերը կարող են պաշտպանել իրենց ատենախոսությունները և պաշտպանելու դեպքում ստանալ տարկետում:
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են: «Հիմա քաղաքացին, որպես ծառայության վայր, վիճակահանությամբ չի կարող քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: Ժամանակին սա 50 կմ էր, հետո դարձվեց 120, 150: Դա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետեւ եթե դա վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում»,- ասաց նա ապա հավելեց, որ, սրան զուգահեռ, գործելու է արտոնությունների այլ կարգավորում:
«Միակ արտոնությունը, որը տալիս ենք այսօր, ընտանեկան վիճակից ելնելով, կապված է ծառայության վայրի մոտիկության հետ: Օրինակ` Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետեւ իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք` դա ձևական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որևէ խնդիր չի լուծում, ընդամենը ձևական է, որ մենք արտոնություն ենք տալիս: Հիմա` եթե արտոնությունից օգտվող քաղաքացին ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայել, ստանալ պատվովճար, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայության ընթացքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելեր զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»,- եզրափակեց նախարարը: