կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-31 12:34
Քաղաքական

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը. Վիգեն Սարգսյան

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը. Վիգեն Սարգսյան

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, քանի որ արդեն մեկնարկել է, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը:

Նախարարի խոսքով` այս նախագծերով երեք հարց է լուծվում: «Հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարության որոշմամբ` ՊՆ-ն մինչև տարեվերջ 9 օրենք պետք է բերեր` փոփոխությունների ու լրացումների տեսքով: Դրանցից չորսը ընթացքի մեջ են, մեկն ԱԺ-ում է, մեկը` կառավարությունում, երկուսը` նախագահի աշխատակազմում` քննարկման փուլում: Բոլորը կուղարկվեն ԱԺ: 7 գործող օրենքներ միավորվում են վերոնշյալ երկու օրենքների նախագծերի մեջ: Եվ երրորդ խնդիրը, որը լուծում է ստանում, դա իրավական կարգավորումների անհրաժեշտուիթյունն է, որի մեջ մտնում են հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնց դրույթները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով:

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց նախարարը: