կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 13:42
Քաղաքական

Եթե այստեղ մի փոքր սահմանափակումը շատ է, դա անպայման կհանենք. փոխնախարարը` Արմենուհի Կյուրեղյանին

Եթե այստեղ մի փոքր սահմանափակումը շատ է, դա անպայման կհանենք. փոխնախարարը` Արմենուհի Կյուրեղյանին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հոհվաննիսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որը վերաբերում էր դիտորդներին:

Ըստ նախագծի` դիտորդ կարող են լինել ՀՀ հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարվա ընթացքում ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Պատգամավորի խոսքով` օտարերկրյա կազմակերպություններին  ժամկետի` նման պահանջ չի ներկայացվում: Նա հետաքրքրվեց` արդյո՞ք սա չի կարող մտահոգիչ լինել:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր քարոզչության պաստառներ փակցնելուն: «Քարոզչության պաստառներ փակցնելու համար ՏԻՄ-երը հինգ օր առաջ հրապարակում են հատուկ տեղեր: Նախագծում ասվում է, որ համայնքի ղեկավարները պետք է հետևեն, որ փակցված տեղերում պաստառները չպոկվեն, արդյո՞ք սա նշանակում է, որ այլ տեղերում պաստառներ չեն փակցվելու, իսկ եթե փակցվելու են, արդյո՞ք հետևելու են դրանք չպոկելու գործընթացին»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ, մեկ տարվա սահմանափակման հետ կապված, իրենք կհամադրեն ընտրական օրենսգիրքը Սահմանադրական օրենքի հետ: «Եթե այստեղ մի փոքր սահմանափակումը շատ է, դա անպայման կհանենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պաստառների հետ կապված խնդրին, ապա փոխնախարարն ասաց, որ խոսքը համայնքային սեփականություն համարվող վայրերում դրվող պաստառների մասին է: «Այստեղ պետք է նաև համայնքի թույլտվությունը, իսկ մասնավոր սեփականություն հանդիսացող վայրերում պաստառ դնելը որևիցե կերպ չի կարող արգելվել»,- պատասխանեց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դաշնակցական պատգամավորին ասաց, որ պետք է առաջին հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի հստակ անդրադառնալ դրան: