Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-10-10 14:40
Քաղաքական

Չեմպիոն համայնքին տարեվերջին 2 մլն դրամ ենք հատկացնելու. նախարար

Չեմպիոն համայնքին տարեվերջին 2 մլն դրամ ենք հատկացնելու. նախարար

Տարածքային կառավարման և տնտեսական զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր նախարարության 9 ամսվա գործունեությունն ամփոփելիս հայտնեց, որ խոշորացված համայնքները նախարարության օգնությամբ ՔՍԳ-ներ (քաղաքացիների սպասարկման գրասենյակներ) են ձևավորում: Ըստ նախարարի` դրա նպատակն այն է, որ խոշորացված համայնքների բնակիչներն իրենց համայնքից կարողանան ստանալ պետք եկած տեղեկանքը և չգնան խոշորացված համայնքի կենտրոն:  

«Գյուղացին չի գնա կենտրոն` որևէ տեղեկանք ստանալու, այլ հնարավորություն ունի  իր բնակավայրում գործող կենտրոնից, որտեղ մշտապես օպերատորն աշխատում է և միացած է համայնքի կենտրոնի հետ, իր բոլոր խնդիրները լուծել»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Մենք բացել ենք ՔՍԳ-ներ մեր ամենահեռավոր տարածքներում` Ամասիայում, Արփիում և խոշորացված 18 համայնքներից մոտավորապես 15-ում մենք արդեն ունենք այդ ՔՍԳ-ները»:

Լոքյանը նշեց, որ խնդիրներից մեկը, որ շատ էր բարձրացվում` համայնքների խոշորացման հետ կապված, այլևս լուծված է: «Նոյեմբերի 5-ին ևս 34 խոշորացվող համայնքներ են ձևավորվում: Ընտրությունները կավարտվեն, և այս նույն ընթացակարգերը, ինչ առաջին 18-ի համար ենք իրականացնում, շարունակելու ենք իրականացնել խոշորացված նոր համայնքների համար` գրասենյակներ, տեխնիկական օժանդակություն, ծրագրային օժանդակություն և համապատասխան սուբվենցիաներով օժանադակություն համայնքներին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք ռիսկային չէ սահմանամերձ համայնքների խոշորացումը, Լոքյանն ընդգծեց. «Սահմանամերձ խոշորացված համայնքներ արդեն կան, անցած տարի են խոշորացվել այդ համանքները: Խոշորացված համայնքներում իրականացված ծրագրերը եթե նայեք, կտեսնեք` բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք նախորդ տարիներին չենք ունեցել: Գիտեմ համայնքապետերի տրամադրությունները. մենք «խոշորացվող համայնք» բառակապացկությունը պետք է հանենք մեր լեքսիկոնից և ասենք` կառավարման օպտիմալացում»:

Ըստ նախարարի` սկզբում խոշորացման արդյունքներում կրճատվել են համայնքային ծառայողներ, բաց հիմա այդ նույն համայնքներում աշխատողների թիվը շատ ավելին է: «Դիլիջանում միայն 15 հոգի տեխնիկայի սպասարկման մասնագետ է ընդունվել աշխատանքի: Որոշ համայնքներ արդեն առաջարկում են գյուղատնտեսի հաստիքներ, շատ այլ ծառայություններ են փոխանցվելու համայնքներին, և խոշորացումը կառավարման միակ օպտիմալ ձևաչափն է, որը կարող է այս ծառայությունները հասցնել համայնք»,- բացատրեց նա:

Իսկ թե արդյոք ունե՞նք վարչապետի ասած` «չեմպիոն» համայնքներ, թե՞ ոչ, Լոքյանն ասաց, որ 200 համայնք իրենց բյուջեներն ավելացրել են 20 և ավելի տոկոսով:  «Համարե՞նք չեմպիոն այդ համայնքին, թե՞ չհամարենք»,- հարցեց նա:

«Չեմպիոնը գոլ խփելով չէ, թույլ տվեք չեմպիոնին 9 ամսվա կտրվածքով չբացահայտել: Մենք չեմպիոն համայնք ձևակերպելու ենք, և ասեմ, որ արդեն պլանավորել ենք մեկ կարգ` չեմպիոն համայնքներին մենք որոշակի գրանտ ենք հանձնելու` շուրջ 2 մլն դրամ նվիրատվություն, որպեսզի համայնքն իր ծրագրերն իրականացնի: Տարեվերջին, որոշ ցուցանիշներից ելնելով, կհայտնենք այն 5 համայնքներին, որոնք լավագույնն  են եղել 2017 թվականին»,- հայտնեց նախարարը: