Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում հրաժարվեցին ցուցմունքներ տալ փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալները: Խոսքը վերաբերում է գործով ամբաստանյալներ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին: Հիշյալ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ հիշյալ անձինք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալներն օգտվել են իրենց` լռելու իրավունքից, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրանց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Մասնավորապես` ամբաստանյալ, մասնագիտությամբ քիմիկոս Ժորա Զաքարյանը նախաքննական մարմնին պատմել է, որ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկանալով, որ ինքը քիմիայից գլուխ է հանում, իրեն է տվել 20 եվրոյանոց թղթադրամ` առաջարկելով վերացնել դրա վրա առկա կարմիր բծերը: Ժորա Զաքարյանը հայտնել է, որ թղթադրամների վրա առկա ներկերը նախ փորձել է մաքրել եղունգների լաքի հեռացման համար նախատեսված (ացետոն) նյութով, սակայն հետքերն ավելի են ընդգծվել: Այնուհետև նա փորձել է թղթադրամների վրա առկա ներկը մաքրել նատրիումի հիդրօքսիդով, դարձյալ չի ստացվել: Ժորա Զաքարյանը նշել է, որ Անդրանիկին չի հայտնել, թե ինչով է մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել է՝ նա կսովորի դա անել եւ այլեւս իր կարիքը չի ունենա: Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել է նաև, որ ներկերը վերացնելու դեպքում ինքը Անդրանիկ Քոչարյանից պետք է ներկոտված թղթադրամների նոր խմբաքանակ ստանար: Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Ժորա Զաքարյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ տեղյակ չի եղել 5000 եվրոյի մասին:
Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանն էլ իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ թղթադրամները վերցրել է եղբորից՝ Կարենից, և դրանք տվել իր համագյուղացուն՝ Ժորային, դրանց վրա առկա ներկը հնարավորության դեպքում մաքրելու համար:
Նախաքննության ընթացքում Կարեն Քոչարյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել:
Այսօրվա նիստում իր պաշտպան Ավետիս Քալաշյանի այն հարցին, թե ինքը նախաքննության ընթացքում իր խոսքում ասե՞լ է «կեղծ փողեր» արտահայտությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նման հարց իրեն քննիչն է տվել: «Հարցրել է, ես էլ ասել եմ ՝ չգիտեմ, որ կեղծ են, Կարենն ասել էր` դրանք ճիշտ փողեր են»,- ասաց նա:
Ուշագրավ էր այս գործով ամբաստանյալ` Անդրանիկի եղբոր՝ Կարեն Քոչարյանի ցուցմունքը: Նա իր ցուցմունքում հայտնել է, որ նախկինում աշխատել է ԱԺ-ում, մինչ այդ Սամվել Բաբայանի հետ աշխատել է «Դաշինք» կուսակցությունում: Նրա ցուցմունքից հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանին 5000 եվրո թղթադրամներն ուղարկել է Բաբայանի ընկեր Մարատը` Մոսկվայից: Կարեն Քոչարյանը հայտնել է, որ ինքն անտեղյակ է եղել, թե ինչ նպատակով է այդ գումարն ուղարկվել: Իր ցուցմունքում նա նշել է, որ սկզբում փոխանակման կետերից մեկում ճշտել է` արդյոք տվյալ թղթադրամը կեղծ է, թե՞ ոչ: Պատասխանել են, որ կեղծ չեն, բայց մաշված են և ներկոտված, իսկ բանկերը նման թղթադրամները կարող են վերցնել` 2 % պահելով: Քոչարյանի խոսքով՝ Սամվել Բաբայանն իրեն ասել է, որ այդ թղթադրամները կեղծ չեն, և ինքը որևէ բանկոմատով կամ այլ եղանակով չի փորձել դրանք դնել շրջանառության մեջ:
Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, թղթադրամները մաքրելու հարցով Կարեն Քոչարյանը դիմել է նաև այս գործով մեկ այլ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին:
Հաջորդ դատական նիստում ցուցմունք կտան այս գործով ամբաստանյալներ` ներկայումս կալանքի տակ գտնվող Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը:
Թագուհի Մելքոնյան