կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-20 13:27
Հասարակություն

Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային պահպանման հարցերի շուրջ

Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային պահպանման հարցերի շուրջ

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու, սոցիոլոգ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովում

Եթէ ոչ միշտ, ապա յաճախ, երբ խօսում ենք Սփիւռքի մասին, անմիջապէս մեր հայեացքն ուղղում ենք դէպի Միջին Արևելքի, Եւրոպայի ու Հիւսիսային ու Հարաւային ամերիկաների հայ համայնքները։ Խօսում ենք ձուլման ու այն վտանգների մասին, որ դիմագրաւում են այդ տարածաշրջանների երկրների հայերը՝ հայկական ինքնութեան պահպանման առումով։

Եթէ ոչ միշտ, ապա յաճախ Սփիւռք ասելով նկատի չենք առնում (կամ նկատի չունենք) այն հայութեանը, ովքեր ապրում են Արևելեան Եւրոպայում, Հեռաւոր Արևելքում, բայց յատկապէս նախկին Խորհրդային միութեան հանրապետութիւններում։

Մինչդեռ այդ երկրներում եթէ ոչ աւելի շատ, ապա գոնէ նոյնքան առկայ են այն վտանգները, որոնք սպառնում են հայկական ինքնութեան պահպանմանը։ Ասում ենք «…եթէ ոչ աւելի շատ…», որովհետև մեր նշած դասակարգման առաջին խմբի երկրներում հայութիւնն աւելի կազմակերպուած է. գոյութիւն ունեն հայկական կառոյցներ՝ դպրոց, եկեղեցի, մարզամշակութային միութիւն, կուսակցութիւններ և այլն, որոնք այսպէս թէ այնպէս հայութեան բեկորների համախմբան դեր են կատարում, մինչդեռ մեր նշած դասակարգման երկրորդ խմբի երկրներում, այդ տեսակի կառոյցներ կամ չկան, կամ բաւականին թոյլ վիճակում են, այսինքն՝ հայութեան կազմակերպուածութիւնը ցածր մակարդակում է։

Հետևաբար երբ մենք խօսում ենք սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանման ձևերի մասին, պէտք է նկատի առնենք Հայաստանից դուրս ապրող հայերին՝ հաւասարապէս, իսկ ամէն մի երկրի ու բնակավայրի պայմանները՝ մասնաւորապէս։

Հաստատենք, որ ազգը, որպէս մարդկային այն հաւաքականութիւնը, որ երկար ժամանակ՝ դարեր ու հազարամեակներ, ապրել է միևնոյն բնապատմական միջավայրում և կերտել իր ինքնուրոյն մշակոյթը, իր ազգային անհատականութիւնն ու նկարագիրը, որպէս ազգ կարող է գոյատևել և լիարժէքօրէն ստեղծագործել ու զարգանալ այդ նոյն բնապատմական միջավայրում՝ հայրենիքում։
Հայրենիքից դուրս ապրող ազգի անդամները, ապրելով ոչ բնական միջավայրում, ակամայ կրում են տուեալ միջավայրի ազդեցութիւնը, ժամանակի ընթացքում ենթարկւում են փոփոխութիւնների և ենթակայ են մաշման։

Այդ վտանգը կանխելու կամ նուազագոյնի հասցնելու և սփիւռքահայ երիտասարդութեան մէջ ազգային պատկանելութեան գիտակցութիւնը խթանելու նպատակով, խիստ կարևոր է հայրենիքի հետ կապի հաստատումն ու ամրապնդումը։

Այդ կապը կարող է լինել բազմատեսակ և բազմաբնոյթ, որի ոււղղութեամբ պէտք է աշխատեն թէ Սփիւռքի և թէ հայրենի ոչ պետական, բայց յատկապէս, պետական կառոյցները։
Կարծում եմ կրկնութիւն կը լինի խօսել այն մասին, թէ ինչ վտանգների առջև է կանգնած սփիւռքահայ երիտասարդութիւնը ազգային ինքնութեան պահպանման առումով, որովհետև դրանց մասին բոլորս գիտենք ու այն կրկնելը կը լինի հաստատումը հաստատումների՝ խառն ամուսնութիւններ, մայրենիի չիմացութիւն և այլն։ Ուստի նախընտրելի է խօսել այն մասին, թէ ինչ պէտք է անել.

Առաջին հերթին բազմատեսակ ու բազմաբնոյթ կապերի հաստատում հայրենիքի հետ՝ խորհրդաժողովներից սկսած մինչև մարզական ու մշակութային մրցոյթներ, պարզ զբօսաշրջութիւնից մինչև վերապատրաստման դասընթացներ և այլն։ Հայաստան այցելելը անջնջելի դրօշմ է թողնում իւրաքանչիւր այցելողի, իւրաքանչիւր հայ երիտասարդի նկարագրի վրայ։ Այն նոր շունչ, նոր լիցք է հաղորդում երիտասարդներին, և պէտք է ձևեր գտնել, որ, ինչքան հնարաւոր է, աւելի շատ երիտասարդ ու աւելի հաճախ այցելի Հայաստան։
Սակայն չպէտք է մոռանալ, որ Հայաստան այցելելը, ինչքան էլ դրական ազդեցութիւն ունենայ, այդուամենայնիւ ժամանակի ընթացքում կորցնելու է իր հրապոյրը։ Նաև բոլորը չէ, որ ի վիճակի են Հայաստան այցելել։ Ուստի անհրաժեշտ է ձևեր գտնել ներկայ լինելու հայ երիտասարդների կեանքում։

Երիտասարդներին հասնելու ձևերից մէկը համացանցն է ու նրա ընձեռած հնարաւորութիւնները։ Համացանցն ու ընկերային ցանցերը, դրական կողմեր ունենալուն զուգընթաց, յաճախ մարդկանց դարձնում են մակերեսային։ Օգտատէրերը ժամեր շարունակ անց են կացնում համացանցում կա՛մ տարատեսակ խաղեր խաղալով, կա՛մ ընկերային ցանցերում սրա ու նրա նկարը դիտելով, հաւանելով կամ մի երկու բառ մեկնաբանելով։ Սա վնասում է կենտրոնացմանը և խորքային աշխատանք կատարելուն, որոնք անհամեմատ աւելի մեծ ճիգ ու ջանք են պահանջում և արդիւնքը տեսանելի չէ։ Ուստի պէտք է փորձել համացանցի հնարաւորութիւնները օգտագործել մի կողմից՝ ազգային ինքնութեան խթանմանը նպաստելու, և միւս կողմից՝ հայ երիտասարդներին յայտնաբերելու նպատակով։ Սա պահանջում է կազմակերպուած ու հետևողական աշխատանք։

Ինչքան հայ երիտասարդներ կան, որոնց տեղը չգիտենք։ Հազար ու մի պատճառով՝ աշխարհագրական սփռվածութեան (երբ այլ քաղաքում են ապրում կամ նոյն բնակավայրում են, բայց հեռու են), նիւթական դժուարութիւննրի, բազմազբաղուածութեան, օտար միջավայրում դաստիարակուած լինելու և այլն, չեն մասնակցում համայնքային աշխատանքներին։ Այդ աշխատանքներն իրենց համար խորթ են, անիմաստ։ Այդ երիտասարդներին յայտնաբերելն ու կազմակերպելը պէտք է լինի սփիւռքահայ քաղաքականացած երիտասարդութեան առաջնահերթ խնդիրներից մէկը։

Եթէ նկատի ունենանք նաև, որ համաշխարհայնացման արդի պայմաններում, հզօր երկրներն ու ուժի կենտրոնները փորձում են տարատեսակ կեղծ արժէքներ տարածել երիտասարդութեան շրջանում՝ նրանց ապազգայնացնելու ու ապաքաղաքականացնելու նպատակով (յատկապէս թուաքանակով փոքր ու թյոլ ազգերը ենթակայ են մշակութային ազդեցութիւնների), ապա անվիճելիօրէն պէտք է արձանագրենք, որ այս առումով հայ երիտասարդութիւնը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առջև։

Ուստի յաջորդ քայլը պէտք է լինի երիտասարդութեան կազմակերպումը։ Այդ նպատակով պէտք է աշխատել ազգային մտածողութեամբ քաղաքականացած երիտասարդութիւն դաստիարակել։ Տրամաբանօրէն սպասելի չէ, որ բոլոր երիտասարդներն զբաղուեն քաղաքականութեամբ, յատկապէս եթէ նկատի ունենանք, որ ընդհանուր առմամբ հետաքրքրութիւնը դէպի քաղաքականութիւնն ու քաղաքական կուսակցութիւնները պակասել է ամենուր։ Սակայն կասկածից վեր է, որ քաղաքականացած երիտասարդներն են գիտակացում ու դառնում մնացեալ երիտասարդների շարժիչ ուժը։ Ազգային մտածողութեամբ քաղաքականացած երիտասարդներն են կարողանում եղանակ ստեղծել ու մասնակից դառնալ համայնքի ղեկավարման գործում։ Քաղաքականացած երիտասարդութիւնն է կարող վերածուել ուժի՝ ոչ միայն ազգային ինքնութեան պահպանման, այլեւ Հայաստանի զարգացման գործում, դրսում թէ ներսում, դերակատար լինելու և հայրենիքին ծառայելու համար։

Հարկ է նշել, որ խօսքը զուտ քաղաքականացած երիտասարդների մասին չէ, այլ ազգային մտածողութիւն ունեցող քաղաքականացած երիտասարդների։ Որովհետև մարդը կարող է քաղաքականացած լինել, նոյնիսկ քաղաքական գործունէութիւն ծաւալել, լինել այս կամ այն խորհրդարանի պատգամաւորի օգնականը կամ նոյնիսկ բարձր դիրքերի հասնել, բայց դրանից ազգին ոչ մի օգուտ չհասնի։ Հայութեանը պէտք են ազգային մտածողութիւն ունեցող յանձնառու քաղաքականացած երիտասարդներ, ովքեր իրենց ուսերին կը վերցնեն համայնքի ղեկավարման գործը ու համայնքի ներուժը կուղղեն դէպի Հայաստան։
Խիստ կարևոր է, որ դպրոցներում և միութենական աշխատանքներում ներկայացուի ոչ միայն հայոց պատմութիւնը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դար, ոչ միայն հայերի արած-չարածները, ոչ միայն Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ անպայմանօրէն ներկայացուի մեր նորօրեայ պատմութիւնն ու վերանկախացած Հայաստանը։ Հայաստանը ներկայացնել որպէս մի երկիր, որն այսօր գոյութիւն ունի և, հակառակ բազում դժուարութիւնների, ծաղկում ու զարգանում է։ Այլ խօսքով՝ որպէս կենդանի օրագանիզմ ու ոչ թէ պապերի պատմած յուշ։ Հայոց դպրոցը և, ընդհանրապէս, երիտասարդութեան հետ աշխատող իւրաքանչիւր կառոյց, իւրաքանչիւր անհատ պէտք է ներշնչի ազգային հպարտութիւն։

Դէպի երկիր գնալու, երկրում հաստատուելու հեռանկարը պէտք է լինի մշտապէս։ Հակառակ պարագային սփիւռքահայ երիտասարդները կը տեղայնացուեն, արդէն տեղայնացուել են։ Տեղայնացումն աւելի կարմատանայ, բնակած երկիրը կը համարեն իրենցը։ Իրենց միջավայրը՝ բնական, և նահանջը կարագանայ։ Ընդհակառակը, երիտասարդը պիտի դաստիարակուի այն հեռանկարով, որ ինքը, կրկնում եմ, ինքը և ոչ թէ իր երեխան կամ թոռն ու ծոռը, պէտք է ամէն բան անի մի օր երկիր վերադառնալու համար։ Սա պէտք է լինի իւրաքանչիւր հայ երիտասարդի տեսլականը։
Այդ նպատակին հասնելու առաջին քայլերից մէկը պէտք է լինի մղել սփիւռքահայ երիտասարդներին, որ ստանան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն։ Հայրենիքին կապուելու, հայրենիքի նկատմամբ որոշակի առարկայական պատկանելիութեան զգացում ունենալու ամենակարևոր գործօններից մէկը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալն է։ Այս առումով մեծ պատասխանատւութիան կայ Սփիւռքի հայկական համայնքների ղեկավար շրջանակների ուսերին։

Հայութեան համար որևէ բան ինքնանպատակ չպէտք է լինի։ Ինքնանպատակ չպէտք է լինի հային հայ պահելը, հայ երիտասարդներին կազմակերպելը, ազգային մտածողութեամբ քաղաքականացած երիտասարդներ դաստիարակելը։ Այդ ամբողջը պէտք է արուի՝ համայնքը կենսունակ ու ստեղծագործ պահելու, ամենուրէք ազգային շահը պաշտպանելու և այդ համախմբուած համայնքի ներուժը դէպի Հայաստանի զարգացում ուղղելու նպատակով։ Հակառակը կը լինի ինքնախաբէութիւն, ժամավաճառութիւն և ուժերի ու հնարաւորութիւնների վատնում։

Այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետութեան օժանդակութեամբ համայնք առ համայնք պէտք է վերլուծել, թէ ինչ է իրավիճակը, որոնք են այս կամ այն համայնքի ուժեղ ու թոյլ կողմերը, որն է տուեալ համայնքի տեսլականը, և մշակել ծրագիր դա իրականացնելու համար։ Դա պէտք է արուի գիտականօրէն, Հայաստանի Հանրապետութեան ու ամէն մի համայնքի համապատասխան մասնագետների ու ղեկավարութեան համատեղ աշխատանքով։ Իւրաքանչիւր համայնքի համար պէտք է մշակել զարգացման ռազմավարութիւն, և այդ ռազմավարութեան մէջ մեծ տեղ պէտք է յատկացնել երիտասարդների խնդիրներին։

Հայրենիքի գաղափարը, Հայաստանի պետականութիւնը և Հայ Դատը այն հասկացութիւններ են, որոնց շուրջ պէտք է համախմբուեն հայ երիտասարդները։ Սրանք պէտք է լինեն գլխաւոր ուղենիշերը։

19 Սեպտեմբեր, 2017 թ.

Երևան, Հայաստան