|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 18-ին Երեւանքաղաքում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարեւոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:
«Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող եւ արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում: