Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Պատվո բլուր հուշահամալիրի հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուրի Մուրադովը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովը եւ Անդրանիկ Նիկողոսյանը, գիտության, արվեստի, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ:
Իր ելույթում Վյաչեսլավ Կովալենկոն քննադատել է հայ-ռուսական ընդհանուր պատմական հիշողության աղավաղման` վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը: «Մենք իրավունք ունենք հիշեցնելու քաղաքական գործիչներին և գաղափարախոսներին, ինչպես նաև նրանց դրդողներին, որոնք իրենց են վերապահում պատմությունը ձևափոխելու իրավունքը, առանց հետ նայելու ամենը վերից վար շրջողներին, իրենց ժողովուրդների գիտակցությունը կլոնավորողներին, որ այդպիսի գործելաոճով իրենք կորցնում են կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ: Նրանց հարկ կա հիշեցնելու անտիկ փիլիսոփաների խոսքերը` անգամ աստվածները չեն կարող չեղածը եղած դարձնել»,- հայտարարել է դեսպանը: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման գործում:
Պատվո բլրի վերականգնման աշխատանքներն իրականացրած «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել է, որ, համաձայն հասարակական կարծիքի հետազոտման` Գյումրին այժմ ընկալվում է ոչ միայն որպես 1988-ի ողբերգական իրադարձությունների, այլև որպես Պատվո բլրի քաղաք:
«Պատվի գործ»-ի մյուս համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ավանդ են ներդրել Պատվո բլրի վերականգնման գործում և ում պատվին այսօր բացվել են հուշտախտակները:
Պատվո բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Պատվո բլրում հուղարկավորված է 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: ХХ դարի 50-ական թվականներին Պատվո բլուրը բարձիթողի վիճակում էր: 2009թ. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից: