կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-14 12:16
Քաղաքական

Ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք. վարչապետ

Ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է եղել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: 

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձևակերպման և իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, և դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։

 «Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե´ խոշոր ընկերությունում, թե´ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը և իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը և այլն։ 

Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների և մեծ տվյալների մասին։ Այսօր խոսում ենք արհեստական բանականությամբ կառավարվող վերտիկալ այգիների, առողջապահության ոլորտում եռաչափ տպագրության, մեծ տվյալների օգտագործմամբ նոր լուծումներ մշակելու մասին։ Մեծ տվյալների և արհեստական բանականության լուծումների շնորհիվ GOOGLE պլատֆորմը հնարավորություն է տալիս ավելի արագ իմանալ որոշ հիվանդությունների տարածման մասին, քան տալիս են դասական տեխնոլոգիաները։ Այսօր կա մի նվագախումբ, որի բոլոր գործիքները պատրաստված են եռաչափ տպիչների միջոցով», - նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս երևույթները մարտահրավեր են նաև կրթական համակարգի համար։ 

«Հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։

Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու։ 

Հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր կառավարության ծրագիրը, մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան։

Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար: Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրն ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ Եվրամիության, և´ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ, որ սա կարող է շատ հետաքրքրական առավելություն լինել մեզ համար, որպեսզի ներդրողներ ներգրավենք։

Մենք մտածում ենք, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները և Սփյուռքի մասնակցությունն իրենց պատմական հայրենիքի կյանքում դեռ ամբողջությամբ չի օգտագործվել։ Ուզում ենք, որպեսզի Հայաստանը դառնա պլատֆորմ սփյուռքահայերի համար՝ ստեղծագործելու, արարելու, ներդրումներ կատարելու համար։ Մենք էական շեշտ ենք դնելու մեր պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման վրա, որը հնարավորություն կտա մեր պետական ապարատը և տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ, մրցունակ և թափանցիկ։ Իրականում մեր առավելությունը մեր փոքրությունն է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու և արդյունավետ լինելու, շատ արագ փոխվելու հնարավորություն», - իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը։

Վարչապետ Կարապետյանը նկատել է, որ ֆորումը հարմար հարթակ է այս հարցերը քննարկելու համար և տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 2018 թ. սկսած՝ կանոնավոր կերպով տնտեսական և ներդրումային ֆորումներ կազմակերպել Հայաստանում, որտեղ կքննարկվեն մեր երկրում առկա խնդիրներն ու հեռանկարները:

 «Ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել ֆորումի մասնակիցներին, հատուկ ողջունել արտասահմանից եկած հյուրերին և մեր երիտասարդ գործընկերներին: Չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք: Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը շատ հետաքրքիր մարտահրավեր է: Միշտ գիտակցեք, որ դուք ապրում եք ամենահեռանկարային երկրում», - խոսքը եզրափակել է վարչապետը: 

Կարեն Կարապետյանը կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայ-ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արզիկ Սուվարյանին, Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի աշխատակազմի ղեկավար Էմմա Եղիազարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: