Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու հարցը քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժովում, իսկ ԱԺ շենքի դիմաց բողոքում են ՁԻԱՀ կենտրոնի շահառուներն ու բուժանձնակազմը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանն ասաց, որ բուժհիմնարկները միավորելու՝ կառավարության որոշման համար հիմք է ծառայել այն, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, այլ այսպես թե այնպես ստացիոնար բուժումը, այդ թվում ՄԻԱՎ-ով վարակակիրների, գտնվում է «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում։
Նա ասաց, որ տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակը նույնպես միացրել են ստացիոնարին և արդյունքից գոհ են՝ ծառայությունների բարելավում է տեղի ունեցել, հիվանդները միայն շահել են։
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը այս փորձը հաշվի չի առել, մինչդեռ մենք փորձում ենք կառավարումը իրականացնել կենտրոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված։ ՄԻԱՎ վարակակիր հիվանդները միայն կշահեն այս պրոցեսից, որովհետև, այսպես թե այնպես, բուժում ստանում են տարբեր ստացիոնարներում և այս խարանն ու խտրականությունը վերացնելու համար այս կղզիացած ծառայությունները պետք է ապակենտրոնացնել»,-ասաց Լուսինե Քոչարյանը։
Նա տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման և վերազինման համար 100 միլիոն դրամի նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվել և վերազինումից հետո այն բարձր մակարդակով սպասարկել է վարակիչ հիվանդներին․ «Ընդ որում, ՄԻԱՎ վարակակիրներն ընդամենը վարակիչ հիվանդներ են, մենք որևէ վարակիչ հիվանդության համար չունենք առանձնացված ծառայություններ»։
Մեկ-երկու ղեկավարի պակասից ծառայությունները չեն տուժում, ընդհակառակը՝ ռեսուրսները խնայվում են՝ ասաց նախարարության աշխատակազմի ղեկավարը։
Նա նաև արձանագրեց, որ կենտրոնն ունի շատ լավ լաբորատոր հզորություններ, որոնք այս պահին ծառայում են միայն ՄԻԱՎ վարակակիրներին․ «Ինչո՞ւ դրանից չօգտվեն Հեպատիտ Ցե վիրուսով կամ վարակիչ այլ հիվանդություններ ունեցող անձինք»։
«Սա ավելի շուտ ծրագրային աշխատանք է․ շենքը մնալու նույն տեղում, անձնակազմը՝ նույն տեղում, ծառայությունները՝ նույն տեղում, ընդամենը մեկ տնօրեն է լինելու՝ մեկ հաշվապահությամբ։ ՊՈԱԿ-ը դառնալու է ՓԲԸ, հետո երկու ՓԲԸ-ները միավորվելու են»,-մանրամասնեց Լուսինե Քոչարյանը։
Մինչդեռ ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող շահառուներն ու բուժանձնակազմը մտահոգություն հայտնեցին, որ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը առանց մասնագետների հետ քննարկման են իրականացվում․ «Այս պահին միայն կարողացել ենք ԱԺ առողջապահության և սոցրալական հարցերի հանձնաժողովի հարթակի տրամադրմանը հասնել, այնինչ դա պետք է մեկ տարի առաջ արվեր և նախորդեր կառավարության որոշմանը»։
Կառավարման մոդելը փոխելով նույն կերպ աշխատել անհնար է լինելու, ասացին նրանք, քանի որ ներկա մոդելի գնահատում չի իրականացվել և համաճարակի կառավարման հարցը վերահսկողությունից դուրս է գալու։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ բուժհաստատությունների միավորման դեմ բողոքողները նաև կառավարության դիմաց էին ակցիա իրականացրել։
Մանրամասն՝ տեսանյութում․