կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 13:36
Հասարակություն

Գավառի 7-րդ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Արման Ղանդիլյանի անունով

Գավառի 7-րդ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց  Արման Ղանդիլյանի անունով

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 7-րդ դպրոցի ռազմագիտության դասարանն այլեւս կրում է Արման Ղանդիլյանի անունը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը, ԱԺ պատգամավոր Հ. Մադաթյանը, Գավառի քաղաքապետ Գ. Մարտիրոսյանը, Արմանի հարազատները։

Դպրոցի սովորողները հանդես եկան հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած հերոսներին նվիրված ներբողների և երգերի կատարմամբ։ Արման Ալիկի Ղանդիլյանը ծնվել է 1997 թ. հունվարի 10–ին ՀՀ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում, ծառայողի ընտանիքում: 2004–2015 թթ. սովորել և ավարտել է Գավառի համար 7 միջնակարգ դպրոցը:

Սովորելու ընթացքում, բնավորությամբ բարի ու մեղմ լինելով, իրեն դրսևորել է դրականորեն և արժանացել ուսուցիչների գովասանքին ու վայելել դասընկերների սերն ու հարգանքը: 2015 թ. հուլիսի 8–ին զորակոչվել է Հայոց բանակ և ծառայության անցել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում, որտեղ, անցնելով 6–ամսյա ուսումնական փուլը, որպես դիրքապահ պաշտպանել է հայ–ադրբեջանական սահմանի Մատաղիսի հատվածը:

Մասնակցել է 2016 թ. ապրիլյան պատերազմին, իրեն դրսևորել է խիզախորեն և աչքի ընկել որպես կարգապահ ու փորձառու զինվոր, ինչը չի վրիպել հրամանատարության աչքից: Պատերազմից հետո, առանց ընդմիջումների, 95 օր մնացել է դիրքերում, որի համար զորամասի հրամանատարի կողմից խրախուսվել է 5–օրյա արձակուրդով:

Արման Ղանդիլյանը զոհվել է 2016 թ. սեպտեմբերի 7–ին մարտական դիրքում ծառայություն կատարելիս: Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ նախագահ Բ. Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: