կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-22 14:06
Հասարակություն

Ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է. Սերժ Սարգսյանը՝ Ծաղկաձորում

Ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է. Սերժ Սարգսյանը՝ Ծաղկաձորում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում:

Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, Նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը Հանրապետության Նախագահի հոբելյանական 10-րդ այցի և միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:

Ս.թ. փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիս Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթներին, ինչպես նաև 7 մարզական մասսայական նոր միջոցառումներին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու են 81 192-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ:

«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի հարգելի՛ մասնակիցներ, Ես մեծ սիրով շնորհավորում եմ այս մրցույթում մրցանակների արժանացած ընտանիքներին ու նաև, իհարկե, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, որովհետև ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է:

Եվ այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ: Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մեր՝ այստեղ ներկա գտնվող Երևանի քաղաքապետին, մարզպետներին, օլիմպիական կոմիտեի նախագահին, որ կազմակերպել և անցկացրել են այս միջոցառումը: Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության Նախագահը: