Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Առիթն օգտագործելով` Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է գնահատվում արցախահայության կողմից: Կարևորելով նաև Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների սերտ համագործակցությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ դրանք ևս կհասնեն այն մակարդակին, ինչպիսին է Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցությունը:
«Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երևանի և Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երևանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք և Ձեր թիմը, այսուհետ ևս հետևողականորեն կշարունակեք ձեր կարևոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման և հզորացման գործում», - նշել է Բակո Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարի և ի շահ արցախցիների:
Այնուհետ Երևանի քաղաքապետն Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական:
«Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարևորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսև նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ հայկական երկու պետությունների զարգացման ու առաջընթացի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն