Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շահում է Երևանը՝ շահում է քաղաքացին. hենց այս սկզբունքով նախորդ տարվա նոյեմբերին պետականացվեց «կարմիր գծերի» ոլորտը: Այդ օրերին Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ «Փարկինգ սիթի սերվիզ» ընկերությունը կդառնա համայնքային սեփականություն, իսկ կայանատեղիների գները կմնան նույնը․ մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500 դրամ, մեկ տարին՝ 12.000 դրամ։
«Կարմիր գծերի» պետականացումից մեկ տարի չանցած վարորդները դարձյալ կանգնեցին փաստի առաջ, այս անգամ՝ ավելի լուրջ: Օրեր առաջ «Փարկինգ սիթի սերվիզ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց օգոստոսի 1-ից SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ:
Համաձայն նոր փոփոխության՝ SMS հաղորդագրության միջոցով գանձվելիք գումարի չափը 50 տոկոսով ավելացել է: Մասնավորապես 1 ժամ կայանելու համար նախկին 100 դրամի փոխարեն պետք է վճարել 149 դրամ, իսկ մեկ օր կայանելու համար նախկին 500 դրամի փոխարեն՝ 748 ՀՀ դրամ:
Այսինքն ստացվում է, որ ամեն օր կայանելու պարագայում, բջջային հեռախոսով վճարելու դեպքում՝ վարորդը մեկ ամսում ստիպված կլինի վճարել 22.440 դրամ, այսինքն կրկնակի ավելի ամբողջ տարվա համար նախատեսված՝ 12.000 դրամ վճարից: Իսկ տարվա կտրվածքով՝ յուրաքանչյուր օր կայանելու դեպքում sms ուղարկելու պարագայում վճարը կարող է կազմել 269.280 դրամ՝ 22 անգամ ավելի՝ տարվա համար նախատեսված վճարից:
Իհարկե, քաղաքացին ունի վճարում կատարելու այլ տարբերակներ:
1. Քաղաքացին կարող է կարմիր գծերի համար 12.000 դրամ վճարում կատարել տարվա սկզբից և ձերբազատվել հետագա գլխացավանքից:
2. Մեկ ժամվա, օրվա կամ ամսվա համար քաղաքացին կարող է վճարումները կատարել մոտակա տերմինալից:
Քաղաքապետարանն ու կարմիր գծերը շահագործող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն պնդում են, որ թանկացում չի եղել:
«Եթե այսօր հեռախոսով վճարում կատարելուց մեկ ժամվա համար վճարում ենք 100 դրամ, իսկ օգոստոսի 1-ից արդեն 149 դրամ, նշանակում է՝ թանկացել է»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը:
Նրա կարծիքով, այսօր կարմիր գծերը շահագործողները հավասար հնարավորություններ չեն ապահովում վարորդների համար, քանի որ այսօր Երևանում շատ քիչ տեղերում են տերմինալներ առկա:
«Այսօրվա դրությամբ բացի փոքր կենտրոնից կարմիր գծանշումներ են արված Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ –Զեյթուն, Շենգավիթ և այլ համայնքներում, բայց այսօր տերմինալներ կան միայն Երևանի կենտրոնական փողոցներում: Օրինակ, պատկերացնենք մի իրավիճակ, երբ քաղաքացին տերմինալով մեկ ժամվա համար վճարում է կատարում և գնում հանդիպման, սակայն հանդիպումը նախատեսվածից երկար է տևում: Ստացվում է քաղաքացին, որպեսզի հեռախոսով վճարում չկատարի և 49 տոկոս ավելի գումար չվճարի, ստիպված պետք է թողնի հանդիպումը, գնա՝ տերմինալ հայթայթի՝ վճարումը կատարի՞»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ պետք է հավասար հնարավորություններ ընձեռել վարորդների համար:
Նշենք, որ քաղաքապետարանը պարզաբանել էր, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը: Անդրադառնալով միջնորդավճարների չափին, Ղահրամանյանը նկատեց, որ այն պետք է լինի կայուն:
«Ինչո՞ւ պետք է տերմինալից վճարես 100 դրամ, իսկ բջջային հեռախոսից՝ 150 դրամ, չէ որ նույն բանի համար ես վճարում: Կամ ինչպե՞ս է հնարավոր մեկ օրվա համար նախատեսված միջնարդավճարը մոտ 5 անգամ ավելի լինի մեկ ժամի համար նախատեսված միջնորդավճարից: Նշենք, որ օգոստոսի մեկից sms-ի միջոցով վճարում կատարելու դեպքում մեկ ժամի համար միջնորդավճարը կկազմի 24,8 դրամ, իսկ մեկ օրվա համար՝ 128,2 դրամ»,-ասաց նա, միաժամանակ նկատելով, որ որևէ երաշխիք չկա, որ մի օր էլ տերմինալների համար միջնորդավճար սահմանվի:
Նշենք, որ այսօր էլ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզաբանում էր տարածել, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:
Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ղեկավար Վազգեն Հարությունյանի խոսքով՝ նախկինում տվյալ միջնորդավճարն ու հարկերը ընկերությունը վերցրել էր իր վրա, սակայն այսօր ֆինանսավորման սուղ լինելու պատճառով չեն կարողանում հոգալ այդ ծախսերը: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիրը նկատում է, որ կարմիր գծերը շահագործողները ոչ միայն հավասար հնարավորություններ չեն ընձեռում վարորդների համար, պատշաճ ավտոկայանատեղիներ չեն ապահովում և անվտանգության երաշխիքներ չեն տալիս վարորդներին, այլև նրանց այլընտրանք չեն թողնում:
«Ամեն օր մեր երկրում ավելանում է մեքենաների թիվը, սակայն չեն ավելանում ավտոկայանատեղիները, կենտրոնում կայանելը անհնար է»,- նկատեց նա: Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ շատ երկրներում բացի վճարովի կայանատեղիներից կան նաև անվճար կայանատեղիներ, որպեսզի մարդկանց համար այլընտրանք ստեղծվի, կամ որոշակի օրերի փողոցի մի մասը վճարովի է, մի մասն անվճար և այլն, իսկ մեզ մոտ կարմիր գծերի այլընտրանքը վճարովի կայանատեղիներն են:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից հետո շատերն առաջ քաշեցին այն վարկածը, որ այս քայլով «Փարկինգ սիթի սերվիզ»-ն ամեն ինչ տանում է նրան, որ վարորդները նոր գլխացավանքից խուսափելու համար տարեկան 12.000 դրամ վճարում կատարեն:
Այսինքն ստացվում է, որ կարմիր գծերի համար տարեկան 12.000 դրամ վճարում կատարելը երեւանաբնակ վարորդների համար փաստացի դառնում է անուղղակի հարկատեսակ, իսկ գյուղաբնակների համար՝ ավելորդ ֆինանսական բեռ: «Վարորդի ընկեր» ՀԿ-ն ևս կողմ է տարեկան պարտադիր վճարին, սակայն ոչ բոլորի համար և ոչ 12.000 դրամ:
«Մենք առաջարկում ենք, որ կարմիր գծերի համար գույքահարկի նման վճար սահմանվի, բայց շատ ցածր, 2-3 հազար դրամի սահմաններում և նախատեսված լինի Երևան քաղաքում գույքահարկ վճարողների համար: Բացի այդ առաջարկում ենք առհասարակ վերացնել տուգանքները, փոխարենն անվտանգության պայմաններ ստեղծեն մեքենաների կայանման համար»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ տարբերակով քաղաքային բյուջե ավելի շատ գումար մուտք կարվի, քան այդքան տուգանքներ սահմանելով, որոնց մեծ մասը քաղաքացիները չեն վճարում, իսկ դատարաններն էլ բեկանում են:
Նշենք, որ կարմիր գծերի ի հայտ գալուց հետո ՀՀ վարչական դատարանը տուգանքների վերաբերյալ հարյուրավոր վարչական ակտեր է բեկանել՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրությունն ու ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները: