կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 14:57
Իրավական

Իմ որոշմամբ է դատախազ ձերբակալվել. Արթուր Դավթյան

Իմ որոշմամբ է դատախազ  ձերբակալվել. Արթուր Դավթյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ վերջերս դատավորների և դատախազի ձերբակալմանը:

Նրա պնդմամբ` դատախազական համակարգը վստահ է, որ կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետևանքներ  է ունենալու:  «Դրա վկայությունը դուք տեսաք վերջերս` իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ, և դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ»,- հայտարարեց Դավթյանը:

Նա նշեց, որ չի կարող բացառել, որ 337 դատախազից ոչ ոք ներգրավված չի եղել կոռուպցիոն գործընթացի մեջ, միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ եթե պարզվի նման իրավիճակ, ապա վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ:

Հարցին`  կա՞ն  ստուգման համապատասխան մեխանիզմներ, քանի որ քաղաքացիները ոչ միշտ են համարձակվում հաղորդում տալ կոռուպցիայի մասին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից, այսինքն` եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք համապատասխան որոշումների օրինականությունը ստուգելիս հայտնաբերում ենք խախտումներ, դրանց համաչափությամբ հետևանքներ են առաջանում»:

Դիտարկմանն էլ` ձերբակալվել են միայն մարզերից դատավորներ և դատախազ, տպավորություն կա, ովքեր թև ու թիկունք չունեն, նրանց են բռնում, գլխավոր դատախազն արձագանքեց. «Եթե այդ ապացույցներն ունենանք Երևանի դատավորի, Երևանի դատախազության դատախազի վրա, նույն հաջողությամբ նույն ելքը կլինի նրանց մասով»:

Դավթյանը նշեց, որ բազմաթիվ լատենտային հանցագործություններ կան, և եթե հնարավորություն ունենային բոլոր լատենտային հանցագործությունները բացահայտելու, ուրեմն կլինեին կատարելությանը մոտ:

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից  կաշառք ստանալու դեպքեր: Կաշառք ստանալու համար ձերբակալվել էր Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը, դատավորներ Ա. Պետրոսյանը և Վ. Վարդանյանը: