կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 17:17
Հասարակություն

Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը

Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները: Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում՝ հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալմանը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման և երկհերթ ոռոգման աշխատանքները:

Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ, սահմանվել է հսկողություն և սահմանափակվել է հրավառությունների թույլտվությունների տրամադրումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ: Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն