կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 20:24
Հասարակություն

Ադրբեջանում հայտնված քաղաքացին Վանաձորի մանկատան սան է. մանրամասներ

Ադրբեջանում հայտնված քաղաքացին Վանաձորի մանկատան սան է. մանրամասներ

Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող: Արցախի ՊՆ-ն հայտարարեց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է, և որ Արցախի ՊԲ-ն նման բնույթի գործողություն չի իրականացրել:

Հիշյալ ապատեղեկատվությունից հետո ադրբեջանական կողմը «հայ դիվերսանտին» «բացահայտող» տեսանյութ ու լուսանկար է տարածել: Փնթի մոնտաժված տեսանյութում զրահաբաճկոն հագած մի տղամարդ դժվար հասկանալի հայերենով ասում է, թե ինքը 1974թ-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում ծնված Զավեն Կարապետյանն է:

Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնել էր, որ իրենց գյուղը փոքր է, և իրենց համայնքում առհասարակ Կարապետյան ազգանուն չկա, ավելին` նման արտաքինով քաղաքացու իրենք երբեք չեն տեսել:

Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Ադրբեջանի սահմանն անցած քաղաքացին Վանաձորի մանկատան սան է եղել, և մշտական բնակության վայր չունենալու պատճառով` նրա հաշվառումը ամրակցված է եղել տարեցների տանը, որպեսզի կարողանար անձնագիր ստանալ: 

Ասլանյանի խոսքով, Զավեն Կարապետյանը ծագումով Վանաձորից չէ: Նա ապրել է այստեղ այնտեղ գիշերելով, մշտական բնակության վայր չի ունեցել, ընտանիք չունի: Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ է ունեցել, ամենայն հավանականությամբ չի էլ հասկացել, որ սահման է հատում:

«Այդ քաղաքացին զինվորականության հետ որևէ կապ չունի ու չի կարող ունենալ: Տեսանյութում նրա խոսելաձևից չի՞ երևում, որ նա հայերենին էլ նորմալ չի տիրապետում, նա չի կարող կապ ունենալ զինվորականության հետ: Հագի զրահաբաճկոնի հետ էլ նա կապ չունի: Տեսանյութը լավ մոնտաժված է, արհեստական է սարքած: Զրահաբաճկոն են հագցրել, ցանկացել են, որ նա արտաբերի որոշ բառեր, որ տպավորություն ստեղծվի, թե զինվորական է կամ դիվերսանտ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը: Նշենք, որ Կարապետյանին հագցրած զրահաբաճկոնը տարբերվում է հայկական ԶՈւ-ի զրահաբաճկոնից: