Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալանավայրում գտնվելով` խարդախություն կատարելու եղանակով քաղաքացուց գումար հափշտակելու վերաբերյալ հերթական գործն է բացահայտվել և ուղարկվել դատարան: Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ խարդախության մեխանիզմը համացանցում խոշոր եղջերավոր անասուններ վաճառելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տեղադրելն ու վաճառքի համար պահանջված կանխավճարը յուրացնելն է:
Գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գրիգոր Գևորգյանը և Վահան Մարտիրոսյանը: Նրանք մեղադրվում են 2017թ. ապրիլի 2-ին Կարեն Թասլախանայնից և Ռուստամ Ռասոյանից խաբեությամբ 2.500.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ:
Ըստ մեղադրանքի` Վահան Մարտիրոսյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում, նախապես տեղեկացված լինելով, որ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչ Վարուժան Եսայանը զբաղվում է անասնապահությամբ, ընկերոջ՝ Գրիգոր Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով Արթուր անունով, համացանցի «list.am» կայքում տեղադրել է խոշոր եղջերավոր անասուններ վաճառելու վերաբերյալ կեղծ հայտարարություն:
Կարեն Թասլախանայնը, վերը նշված կայքում ծանոթանալով հայտարարությանը և ընկերոջ՝ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Ռուստամ Ռասոյանի հետ ցանկանալով ձեռք բերել խոշոր եղջերավոր անասուններ, հեռախոսով կապ է հաստատելԱրթուր անունով հանդես եկող Վահանի հետ, որից հետո նրանից ստանալով ընդհանուր` 7.000.000 ՀՀ դրամ արժեքով 22 գլուխ խոշոր եղջերեվոր անասուն ձեռք բերելու առաջարկ, համաձայնել է գործարք կատարել՝ պայմանով, որ հիշյալ գումարից 2.500.000 ՀՀ դրամ գումարը տալու է որպես կանխավճար, իսկ մնացած գումարը մարելու է 2017թ. սեպտեմբեր ամսին:
Ընդ որում՝ Վահանը, Կարեն Թասլախանյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար, իրականում Վարուժան Եսայանին պատկանող խոշոր եղջերավոր անասուններին ներկայացնելով իբր իր սեփականություն, Կ.Թասլախանյանին և Ռ.Ռասոյանին հնարավորություն է ընձեռել անձամբ տեսնելու ապրանքը և որոշում կայացնելու:
Այնուհետև Վահանը, համոզվելով, որ նրանք ցանկանում են գործարք կատարել, Թասլախանյանին տեղեկացրել է, որ չի կարող նրան անձամբ հանդիպել, ուստի առաջարկել է որպես կանխավճար պահանջված 2.500.000 ՀՀ դրամը տալ որպես Ռաֆ անունով եղբայր ներկայացրած Գրիգոր Գևորգյանին: 2017թ., ապրիլի 2-ին Գ.Գևորգյանը, ներկայանալով Ռաֆո անունով, հանդիպել է Կ.Թասլախանայնին և Ռ.Ռասոյանին, որի ժամանակ, կազմելով կեղծ պարտավորագիր, նրանցից ստացել է 2.500.000 ՀՀ դրամ և հափշտակել այն:
Գրիգոր Գևորգյանին և Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելը):