Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 11:08
Հասարակություն

Դիմորդներին երկրորդ անգամ քննություն հանձնելու իրավունք կտրվի. փոփոխություններ` քննության ձևաչափում

Դիմորդներին երկրորդ անգամ քննություն հանձնելու իրավունք կտրվի. փոփոխություններ` քննության ձևաչափում

Ընդունելության քննության ձևաչափում առաջիկայում կլինեն փոփոխություններ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը, ի վերջո, տարիների ընթացքում տվեց իր արդյունքը` յուրաքանչյուրը գիտի, որ իր գիտելիքին համարժեք գնահատական է ստանալու: Նախարարի հավաստմամբ` համակարգն ամբողջությամբ արդյունավետ է և հնարավորություն է տալիս առանց կրկնուսույցի  էլ պատրաստվել քննություններին: Սակայն, ըստ նրա, առաջիկայում երկու փոփոխություն կփորձեն կյանքի կոչել:

«Բուհերը շատ են բողոքում, որ երեխաները, ովքեր մասնագիտական նախընտրություն ունեն, հաճախ դուրս են մղվում ավելի բարձր ստացած, բայց մեկ ուրիշ մասնագիտություն ընտրած դիմորդների հետ մրցակցության պատճառով: Օրինակ` իրավաբանական ֆակուլտետի դիմորդը պատմության ֆակուլտետի դիմորդին կարող է դուրս մղել, եթե վերջինս մի քիչ ավելի ցածր միավորներ է ստացել: Դրա համար մենք հիմա նախատեսում ենք մինչև հոկտեմբեր ամիսը առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել` առաջինը կանցնեն նրանք, ովքեր առաջին հայտով իրենց նախընտրած մասնագիտությամբ համապատասխան միավոր են ստացել, և նոր միայն մյուսները կանցնեն` թափուր տեղի առկայության դեպքում»,- ասաց Մկրտչյանը:

Երկրորդ կարևոր փոփոխությունը կլինի այն, որ դիմորդը հնարավորություն կունենա նույն առարկայից երկրորդ անգամ քննություն հանձնել: Փոփոխությունը, նախարարի խոսքով, կապված է ֆինանսական ծախսերի և շենքային պայմանների ապահովման հետ:

«Այս փոփոխությունը կբեռնաթափի համակարգը, և յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկրորդ անգամ էլ փորձելու, քանի որ պետք է հասկանանք` քննության իմաստը ոչ թե դիմորդի սխալը բռնելն է, այլ երեխայի գիտելիքները ստուգելը: Եվ եթե հուզմունքի կամ այլ պատճառներով լավ չի ստացվում նրա մոտ առաջին անգամ, պետք է երկրորդ հնարավորություն էլ տրվի: Մեզ մոտ Ամերիկյան համալսարանն այդ ձևաչափով է իր ընդունելությունը կազմակերպում, և, ըստ էության, մի քիչ անհավասար պայմաններ են այս և մյուս բուհերի միջև»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ պետք է փորձեն մինչև հոկտեմբեր կյանքի կոչել այս փոփոխությունը, որպեսզի այն արդեն իսկ տարածվի հաջորդ տարվա դիմորդների վրա, իսկ եթե չհասցնեն, հաջորդ տարի կիրականացնեն: