կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 19:12
Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել. Նալբանդյան

Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել. Նալբանդյան

 Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան:

Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով, և ԵԱՀԿ ծրագրերի իրագործումը Հայաստանում իրավամբ կարելի է օրինակելի համարել։ 

Նրա խոսքով` գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մադատի երկարաձգումը։ Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն, իրականում, դա վերաբերում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին, մի գործողություն է, որն ուղղված է ԵԱՀԿ դեմ։ 

«Կարծում եմ՝ թե ԵԱՀԿ նախագահությունը, թե մասնակից երկրները, թե քարտուղարությունը համապատասխան հետևություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին և նպատակներին։ 
Գրասենյակի մասով հավելեմ, որ ակնկալում ենք, որ դրա կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակվեն կյանքի կոչվել՝ այլ ձևաչափերով»,- ասաց նախարարը:

Նալբանդյանը նշեց, որ իր զրուցակցի հետ բազմաթիվ հարցեր են քննարկել, մասնավորապես` անդրադարձ է եղել  ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Արձանագրվել է, որ աննախադեպ մեծ քանակությամբ դիտորդներ էին հետևում ընտրություններին։ Արժեքավոր են միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար իրավունքները, իսկ քվեարկության արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:

«Ես պարոն Զանիերին ներկայացրի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Կարևորեցինք նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը, որոնց իրագործումը, ինչպես հայտնի է, Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: