կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-03 19:12
Քաղաքական

Պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը. Է. Նալբանդյան

Պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը. Է. Նալբանդյան

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Հյուրերը նախարարին ներկայացրել են իրենց նախնական եզրակացությունները և դիտարկումները։ Նրանք բարձր են գնահատել իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները։ Հյուրերը ողջունել են նոր ընտրական օրենսգքրի ընդունումը և ընդգծել, որ, չնայած իրենց նախնական զեկույցում նշված բացթողումներին, ընտրությունները լավ էին կազմակերպված։

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կայացած ընտրությունները շատ կարևոր էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին։ Այս առումով իրականացված բարեփոխումների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են միջազգային գործընկերների հետ, որոնք բարձր են գնահատել այդ գործընթացը։ Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ ընտրական գործընթացի բարեփոխումների նպատակն էր անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ինչի վկայությունն են կայացած ընտրությունները։

Հայաստանի արտգործնախարարը հատկապես ընդգծել է ընտրական օրենսգրքի մշակման ներառական բնույթը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչն էական քայլ էր ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման ուղղությամբ։


Նախարարի խոսքով, հիմնարար ազատությունների ապահովումը, ընտրությունների գործընթացի պատշաճ կազմակերպումը, ընտրացուցակների ճշգրտության զգալի բարելավումը, քաղաքական ուժերի համար հավասար և մրցակցային պայմանների ստեղծումը, նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկության գաղտնիության ապահովումը, քվեների հաշվարկի թափանցիկությունը մեծապես նպաստել են ընտրական գործընթացի հաջողությանը։

Նա հավելել է, որ աննախադեպ է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ընտրական գործընթացին հավելյալ թափանցիկություն հաղորդելու համար։ 

Նախարարը նաև ընդգծել է, որ պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը, որոնց թիվը կազմել է շուրջ 30 հազար, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 1200 լրագրող։

Դիտորդական առաքելությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ընտրությունները դիտարկելու հրավերի համար։ Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունների համար նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաև սերտ համագործակցության համար։

Երկուստեք կարևորվել է ընտրական գործընթացների ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։