կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 17:10
Առանց Կատեգորիա

Բարեգործությունն արարք չէ, այն սրտի դիրք է. բարերար Արտակ Սարգսյանի հակաքարոզչությունը

Բարեգործությունն արարք չէ, այն սրտի դիրք է. բարերար Արտակ Սարգսյանի հակաքարոզչությունը

Բարեգործությունը մտքի խոյանք է, սրտի բողբոջանք ու հոգու թրթռանք. գրեթե նման տեքստով է սկսվում ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի բարեգործական արարքներին նվիրված լայնածավալ ու խորաշունչ, պաթոսախեղդ տեսանյութը:

Տեսանյութում առնական ձայնով տեքստ կարդացողը Մանսուրյանի երաժշտության ներքո պատմում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանն «առանց փառասիրության, չհետապնդելով շահադիտական նպատակներ», աջ ու ձախ բարեգործություն անում: Ավելին` քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ խրոխտ ու վստահ ձայնով ասում է.«Բարեգործությունը Աստծո կողմից մարդուն տրված մի պարգև է, որը մարդու մոտ կա'մ կա, կա'մ չկա»: Թոքմաջյանի դերն այդքանով ավարտվում է`նա այդպես էլ չի բացում փակագծերը` Արտակ Սարգսյանի մոտ կա՞, թե՞ չկա այդ` ի վերուստ բխվող մանանան: Սակայն Թոքմաջյանի կիսատ թողած խոսքը գալիս են լրացնելու կադրերը նրանց, ում երբևէ ինչ-որ հարցում աջակցել է Սարգսյանը:

Հիմա լրջանանք. ստացվում է` Արտակ Սարգսյանը մարդկանց լավություն է արել, հետո կանգնեցրել էկրանի առջև, որ շնորհակալություն հայտնեն: Հավանաբար, Սարգսյանը վարպետության դասեր է ստացել ԴԱՀԿ-ի նախկին պետ, իր կուսակից ընկերոջից` Միհրան Պողոսյանից, ով էլ զոհված զինծառայողների մայրերին էր բեմ հրավիրում` իրեն ուղղված շնորհակալական տեքստ լսելու համար:

Մարդկանց մեղադրել չենք կարող. լավություն են արել, իրենք էլ պատրաստ են շնորհակալություն հայտնել, ուղղակի բարեգործություն անողը չգիտի` բարեգործությունը «շնորհակալություն» բառը լսելու համար չէ: Ավելին` տեսանյութում ասվում է, թե բարեգործությունն արարք չէ, այն սրտի դիրք է` մոռանալով հավելել, որ սրտի դիրք տանող ճանապարհը տեսանյութերը չեն և ոչ էլ բարեգործությունը հրապարակային դարձնելը: Իսկ միգուցե պե՞տք չէ երեխայի հիվանդությունն ի ցույց աշխարհի ներկայացնել, միգուցե նա մեծանում ու չի ուզում, որ իմանան` մանկության տարիներին լուրջ խնդիր է ունեցել: Բայց չէ, կարևորը երեխայի ճակատագիրը չէ` առջևում ընտրություններ են, և բարին ավետող ու բարին գործող Արտակ Սարգսյանը տարիներ կամ ամիսներ առաջ մարդկանց արած լավությունը կարծես չի մոռացել, զուտ բարի նպատակներով էլ նկարահանող խմբին ուղարկել է այդ ընտանիքներ` իր մասին ճշմարտությունը հանրությանը պատմելու, իր կերպարն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Արտակ Սարգսյանի քարոզչությունը հակաքարոզչություն է դառնում, մանավանդ այն ֆոնին, երբ լրատվամիջոցներն ահազանգում են, որ նա ակտիվորեն սկսել է ընտրակաշառք բաժանել ու ձայներ հավաքագրել: Բացի այդ` բարեգործությունը, որին հատուկ անդրադարձ է կատարվում ընտրություններից առաջ, նույնպես ընտրակաշառքի ձև է: Ստացվում է` բարեգործը պաշտոն ստանալու համար գնում է իր ձայները. ի՜նչ բարեգութ է հնչում:

Ժողովրդական խոսք կա` «Լավություն արա` ջուրը գցիր», բայց Սարգսյանը «ժողովրդական» նոր խոսքի հիմքն է դնում` «Լավություն արա, հետո աչքը խոթիր»: 

Կ. Հ.

Տեսանյութը Slaq.am