Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող` Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Դինքին սպանած Օգյուն Սամասթի խնդրագիրը՝ իրեն տեղափոխել ազատ ռեժիմի բանտ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Cumhuriyet թերթի՝ պոլսահայ լրագրողին սպանելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Սամասթը սույն թվականի նոյեմբերի 14-ին դիմել է դատարան` պահանջելով իրեն փակ ռեժիմի բանտից տեղափոխել բաց ռեժիմի բանտ: Խնդրագրում Սամասթը նշել է, որ իր պահանջը չբավարարելու դեպքում ինքը հրաժարվում է այլևս ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի դրանից՝ որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: