Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հանրապետության հրապարակում հավաքվել էին տասնյակ ազատամարտիկներ` բարձրացնելու համար իրենց բողոքի ձայնը: Այս անգամ նրանք բողոքում էին, որ պետական ու մասնավոր հիմնարկները մերժում են սահմանված կարգով իրենց դահլիճներ տրամադրել` հավաքներ անցկացնելու համար: Ազատամարտիկները որոշել են` եթե իրենց տեղ չեն տրամադրում, որ իրենք հավաքվեն, ուրեմն իրենք կհավաքվեն փողոցում, և հնարավոր է, որպես բողոքի նշան, փակեն Աբովյան փողոցը:
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը հորդորեց ազատամարտիկներին` զերծ մնալ նման քայլերից: Նա առաջարկեց նրանց` բողոքի ակցիան իրականացնել Ազատության հրապարակում:
«Ազատամարտիկների հանդեպ վերաբերմունքը ցույց է տալիս, որ կռված տղերքն էսօր ոչ մեկին պետք չեն: Եթե մենք տեղ չունենք, ուրեմն կնստենք փողոցի մեջտեղում: Ո՞վ է հրահանգում, որ մեզ դահլիճ չտրամադրեն: Մենք դահլիճի վճարն էլ ենք տալիս, բայց հենց իմանում են, որ ազատամարտիկներ ենք, հրաժարվում են դահլիճը տրամադրել»,- ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ օրենք է խախտվում, ուրեմն իրենք կնստեն փողոցում:
«Մեր երկրում չկա տենց դեպք, որ ազատամարտիկին չհարգեն: Դուք ազատամարտ անցած մարդիկ եք, ինչքանո՞վ եք ճիշտ համարում ճանապարհ փակելը: Կամ որքանո՞վ է ճիշտ, որ ազատամարտիկին բերման ենթարկենք` ճանապարհ փակելու համար»,- ասաց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ազատամարտիկները պնդում էին, որ իրենց հանդեպ նման վերաբերմունքը հրահանգված է Բաղրամյան 26-ից, քանի որ ազատամարտիկները բարձրաձայնում են երկրի աղետալի վիճակի ու իշխանությունների սխալ քաղաքականության մասին: