կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 14:46
Իրավական

Դանակահարություն` Աբովյան փողոցում. խանութում հերթի շուրջ էին վիճել

Դանակահարություն` Աբովյան փողոցում.  խանութում հերթի շուրջ էին վիճել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1  համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս.Օհանյանը:

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը կտրող-ծակող գործիքի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքն ստացել է Աբովյան փողոցում գործող խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական տվյալներով՝ տուժողը և կասկածյալն իրականացնում են մասնավոր ուղևորափոխադրումներ և ավտոմեքենաները հիմնականում կայանում են Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Դեպքի օրը՝ մայիսի 3-ին ՝ ժամը 20:30-ի սահմաններում,  պատվիրատուների սպասարկման հերթը խախտելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ տուժողն ստացել է ծանր մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։