կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-18 19:50
Քաղաքական

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում. Միքայել Մանուկյան

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում. Միքայել Մանուկյան

Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր այցելեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»՝ ծանոթանալու ինչպես գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև գրասենյակ դիմող քաղաքացիների հիմնական խնդիրներին:

Մանուկյանի խոսքով՝ աշխատող մարդը շատ է կարևորվում իրենց համար: «Քարոզարշավի մեր ծրագիրը ներառում է բոլոր ուղղությունները՝ տրանսպորտ, կանաչապատում, սակայն ես կարծում եմ, որ միայն լավ տրանսպորտ ու կանաչապատ Երևան ունենալով չէ, որ քաղաքացին իրեն լավ պետք է զգա: Աշխատող մարդն առաջին հերթին պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում, յուրաքանչյուրը պետք է աշխատանք ունենա, և իր աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանված լինեն»,-ասաց Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ կարևոր է վարչական շրջաններում նման գրասենյակներ ունենալ, քանի որ յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Գրասենյակի փաստաբան Էդգար Կոտոյանն էլ նշեց, որ իրականում գրասենյակն իրավաբանական ծառայություններ է մատուցում քաղաքացիներին ոչ միայն աշխատանքային իրավունքների վերականգնման, այլ նաև սոցիալական իրավունքների պաշտպանության հետ կապված: «Փորձում ենք նաև աշխատատեղ գտնել: Այս պահին մեր շահառուների թիվը 160-ից ավելի է, իսկ գործերի 30 տոկոսից ավելին դատական քննության փուլում է գտնվում»,-ասաց Կոտոյանը:

Գրասենյակի ղեկավար Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ քաղաքացիները գրասենյակ այցելելով անվճար ծառայություններ են ստանում, իրազեկվում իրենց իրավունքների մասին: Ըստ Ավետիսյանի՝ շատ հաճախ միայն իրազեկումն ու խորհրդատվությունը բավարար է լինում, որպեսզի աշխատողն իր խախտված իրավունքներով դիմի գործատուին և իր խնդիրները լուծի:

Գրասենյակի շահառուներից էլ նշեցին, որ դիմել են գրասենյակ, ստացել խորհրդատվություն, ինչպես նաև անվճար ծառայություն: Շահառուներից մեկին, օրինակ, գրասենյակի միջոցով վերջնահաշվարկի իր գումարն է հաջողվել ստանալ գործատուից, ով հրաժարվել էր այն վճարել:

Նշենք նաև, որ գրասենյակի վայրն աշխարհագրորեն չի սահմանափակում դիմողներին, այսինքն՝ ցանկացած վայրից կարող են դիմել իրենց:

Ի դեպ, գրասենյակ դիմելու համար անհրաժեշտ է կա'մ այցելել այնտեղ՝ Մանանդյան 20, կա'մ գրել նրանց ֆեյսբուքյան էջին, էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ էլ ուղղակի զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04: