Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին վերաբերող ավանդական հայտարարությունում չարտասանեց «ցեղասպանություն» բառը, փոխարենը 20-րդ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայերի մասսայական սպանդը բնորոշելիս կրկնեց նախկին նախագահի՝ Բարաք Օբամայի կողմից մի քանի անգամ արտաբերված՝ «ցեղասպանություն» բառի հայկական հոմանիշ հանդիսացող, սակայն իրավական առումով որևէ հետևանք չունեցող «Մեծ եղեռն» արտահայտությունը՝ նշելով. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկուկես միլիոն հայ զոհ է գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»:
Ի սկզբանե որևէ սպասելիք չկար, որ ԱՄՆ նոր նախագահը կանի այդ պատմական քայլը: Դրա համար կար երկու էական պատճառ: Առաջինը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայի գործող իշխանության և Իրանի դեմ ԱՄՆ նոր վարչակարգի որդեգրած ագրեսիվ քաղաքական կուրսն է: Այն ստիպում է վերանայել Թուրքիայի նկատմամբ նախկին վարչակարգի զսպողական քաղաքականությունը և արժևորել որպես առանցքային ստրատեգիական գործընկեր, դրանով ապահովագրել Թուրքիան իբրև վստահելի պլացդարմ թե' սիրիական և թե' իրանական ռազմաքաղաքական «արշավանքներում»: Սա լուրջ փաստարկ է Թրամփի համար՝ որևէ կերպ, գոնե ներկա ընթացքում, չստեղծել այնպիսի արհեստական խնդիրներ, որոնք կվանեն Թուրքիային: Դա է պատճառը, որ ԱՄՆ նոր վարչակարգը նկատելի անտարբերության է մատնել ինչպես հայկական, այնպես էլ քրդական հարցերը:
Երկրորդ` եթե մի կողմ թողնենք Ցեղասպանության ճանաչման հումանիստական, համամարդկային նշանակության խնդիրը, ապա զուտ քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից Թրամփը որևէ քաղաքական կամ գոնե բարոյական պարտավորություն չուներ դա անելու: Ի տարբերություն նախորդ նախագահների՝ նա չէր տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որևէ խոստում: Դա էր պատճառը, որ անցած նախագահական ընտրություններին հայկական համայնքը և լոբբիստական կազմակերպությունները որոշում ընդունեցին չեզոքություն պահպանել և չաջակցել նաև Դոնալդ Թրամփին: Այս իմաստով` հայտարարության մեջ նրա կողմից «Մեծ եղեռն» բնորոշման կրկնությունը գուցե ավելի ազնիվ էր, քան, Ցեղասպանությունը ճանաչելու հստակ խոստում տալով հանդերձ, պաշտոնավարման 8 տարիներին այդպես էլ այն չկատարելու` նախկին նախագահ Օբամայի վարքագիծը:
Այս տեսանկյունից Թրամփի հայտարարությունը, դրանում «Մեծ եղեռն» արտահայտության կիրառումը շատ ավելի նշանակալից է, քան պատկերացնում են իրենց հերթական հիասթափությունն արտահայտող հայկական շրջանակները:
Նախ՝ հայկական օրակարգի հարցերի շրջանակում Թրամփի դիրքորոշումներն առ այսօր մնում էին մշուշոտ և անհասկանալի: Եվ այս հայտարարությունը բացահայտեց, թե համահայկական օրակարգի երկու հիմնական հարցերից մեկի՝ հայոց պահանջատիրության համատեքստում ինչ մեկնակետից է սկսում նոր նախագահը: Ըստ էության` դա հայտարարություն էր առ այն, որ, Թուրքիայի նկատմամբ ներկայիս նուրբ ու զգուշավոր քաղաքականությամբ հանդերձ, նոր վարչակարգը Ցեղասպանության հարցում ոչ թե եղած դիրքերից նահանջելու, այլ առնվազն նախորդի դրած նշաձողը պահելու և շարունակելու քաղաքականություն է որդեգրում: Իսկ նշաձողը, պետք է նշել, բավականին բարձր է՝ այն իմաստով, որ ընդամենը կես քայլ է մնում կատարվածը «ցեղասպանություն» որակելուց: Սա հուսադրող հանգամանք է: Նախ` այն ամրագրում է, որ սա ԱՄՆ-ի պետական քաղաքականության նոր մակարդակն է, այլ ոչ թե կախված է անձերի շահագրգռություններից կամ քմահաճույքներից: Երկրորդ՝ հայկական կազմակերպություններին տալիս է հնարավորություն՝ կողմնորոշվելու, թե ի՞նչ ուղղությամբ է պետք աշխատել Կոնգրեսի, Սենատի և Ստիպակ տան հետ, ու փորձելու զարգացնել գործընթացը լիարժեք ճանաչման հարցը մշտապես ոչ միայն բաց պահելու, այլև, միջազգային քաղաքական կոնյունկտուրայից կախված, ցանկացած պահի հնարավոր դարձնելու առումով: Եվ երրորդ, որ իսկապես հետաքրքրական երանգ է՝ իր հայտարարության մեջ Թրամփը խոսում է հայերի պատմական հայրենիքի մասին, որտեղ «նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը», ինչն այլ կերպ, քան այդ հայրենիքի նկատմամբ պահանջատիրության լեգիտիմացման կամ ԱՄՆ-ի կողմից ճանաչման անուղղակի դրսևորում, չի կարելի որակել:
Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարության կապակցությամբ Անկարայի ցուցաբերած անհանգստությունը փաստում է, որ այս երեք ուղղություններով էլ Թուրքիայում զգացել են հայտարարությունից եկող անուղղակի վտանգը: Չեն արդարացել Անկարայի հույսերը, թե Թրամփի վարչակարգն ավելի նահանջողական, խոսանավող կուրս կորդեգրի: «1915 թվականի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ սխալ տեղեկությունների և սահմանումների առկայությունը, ըստ երևույթին, պայմանավորված է մի շարք արմատական հայկական շրջանակների՝ տարիներ շարունակ այդ երկրում քարոզչության միջոցով իրականացրած ապատեղեկատվությամբ»,- ասվում է Թրամփի հայտարարության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական արձագանքում: ԱՄՆ նախագահի հայտարարությունը հայկական շրջանակների քարոզչությամբ պայմանավորելը, մի իրավիճակում, երբ գոնե դրանց դերը եղել է զգալիորեն համեստ, ավելի շատ մատնում է Անկարայի կողմից Թրամփի վրա ավելի քիչ ներգործություն ունենալու և դրանից ավելի զգուշանալու հանգամանքը:
Գևորգ Դարբինյան