Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով բանակում ծառայության նոր տեսակի ստեղծման գաղափարի մասին, ընդգծեց, որ նախնական ընկալումը դրական է:
Հիշեցնենք, որ այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նորակոչիկների ծառայության տարանջատումների գաղափարը, որի շնորհիվ այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայություն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ըստ այդ գաղափարի՝ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ նրա ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը, յուրաքանչյուր ամիս կծառայի 1+1+2 բանաձևով` մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում` մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով` զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով, նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ:
Պողոսյանի խոսքով՝ այս գաղափարը հնարավորություն է տալիս կամավորության սկզբունքով ընտրելու ծառայության տեսակը, ինչը կնպաստի, որ ծառայությունից խուսափող մարդկանց թիվը կրճատվի: «Մարդիկ կգտնվեն, ովքեր ուզում են լինել առաջնագծում և ստանձնել այնտեղի ծառայության համար նախատեսված պարտականություններ, բայց դրա հետ միասին յոթ ամիս մնալ տանը, ունենալ գումար սեփական հաշվին և այլն»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով՝ այս գաղափարի դրական կողմերից մեկն էլ այն է, որ մինչև օրենքի նախագիծ դառնալը այն ներկայացվում է հասարակության դատին և բազմակողմանի քննարկում է ենթադրում: «Քննարկման համար ժամանակ կա, ի սկզբանե կազմակերպվում են հանրային քննարկումներ, և միայն վերջնական մոտեցումն է օրենքի նախագիծ դառնալու: Այս փոփոխությունը դրական է, և չորս ամիս ժամանակ ունենք` հանրության լայն շերտերի հետ քննարկում անցկացնելու: Ես վստահ եմ, որ եթե քննարկումների ժամանակ լավ գաղափարներ լինեն, բոլորը հաշվի կառնվեն»,- ասաց նա՝ հավելելով. «Երկրորդ կարևոր շեշտադրումը, որ տեսնում ենք այստեղ, այն է, որ կաղապարների մեջ չէ ռազմական ոլորտը, պատասխանատուների ընկալումները, և նրանք փորձում են տարբեր մեխանիզմներ կամ գաղափարներ բերել` բանակում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար: Այս տեսանկյունից` ուրախ եմ, մնացածն արդեն կքննարկվի, և եթե դրական ու բացասական մոտեցումները հաշվի առնվեն, գուցե ունենանք իսկապես շատ հետաքրքիր իրավիճակ: Ինձ թվում է այսպես՝ տարբեր ֆորմուլաներ մտածելով, ամեն ինչ ավելի հետաքրքիր ու լավը կլինի»:
Պողոսյանը նաև ընդգծեց՝ մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, և ծառայությունն էլ պարտավորություն է: «Պատերազմը չի ավարտվել, մեր պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլև միջազգային հարթակներում, տնտեսական դաշտում, ժողովրդագրության դաշտում և այլն: Այս իրավիճակում շատ կարևոր է ունենալ տարբեր գրավիչ առաջարկներ: Այս գաղափարի կյանքի կոչման հիմքում կլինի այն, որ մարդիկ ծառայությունից ոչ թե խուսափեն, այլ հանգիստ խղճով գնան ծառայելու, օգտագործեն տրվող հնարավորությունը, իսկ եթե` ոչ, կա երկու տարով ծառայելու տարբերակը»,- ասաց նա՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ այս գաղափարի բարձրաձայնումը նման չէր «1000 դրամների» նախագիծը հրապարակ բերելուն: ««Հազար դրամների» նախագծի նման չեղավ, սրա դեպքում ժամանակ կա քննարկելու, ինչը հնարավորություն կտա, որ քննարկումների ընթացքում առաջ քաշված դրական և բացասական մոտեցումները հաշվի առնվեն»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: