կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-20 11:56
Հասարակություն

Աղբահանության ոլորտում վիճակը ողբերգական է. խիստ հանձնարարական

Աղբահանության ոլորտում վիճակը ողբերգական է. խիստ հանձնարարական

Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խիստ հանձնարարական տվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վերաբերյալ: Նրա խոսքով` սույն թվականի փետրվարի 16-ին «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականների կատարման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն աղբանոցները զբաղեցնում են ավելի քան 430 հեկտար տարածք, և դրանց պատշաճ հսկողության իրականացումը, քաղաքների ու գյուղերի աղբահանման ու մաքրման աշխատանքները, ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումը խնդրահարույց են:

«Կարճ ասեմ` վիճակը ողբերգական է: Կարծում եմ` բոլորդ էլ նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների վատ աշխատանքի, թերացումների, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Նրանք պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համար, այլ նաև ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը հավաքելու ու տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար: Ուստի այդ խնդիրների լուծումը դրվում է մարզպետերի, համայնքների ղեկավարների վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու` կառավարության որդեգրած քաղաքականությունը և ստեղծված անթույլատրելի վիճակը` հանձնարարվեց «Մաքուր հայաստան» ծրագիրը սկսել հենց այսօրվանից: Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցառումներ աղբահանության և սանիտարական մաքրման համակարգային խնդիրները վերացնելու ուղղությամբ, մշակել այդ աշխատանքները հսկելու գործիքակազմ:

Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր սահմանելու վերաբերյալ: Խստացնել նախատեսված վարչական տույժերը, ըստ անհրաժեշտության` քրեական պատասխանատվության և վարչական պատասխանատվության ենթարկելու նորմեր սահմանել:

Ոստիկանապետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու երևույթը կանխարգելելու միջոցառումներ:

 ՏԿԶ նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մարզպետերի ու համայնքների ղեկավարների հետ մշակել ու հստակ սահմանել սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ ու խիստ հսկողություն սահմանել այդ աշխատանքների վրա:

«Անթույլատրելի վիճակ է ստեղծվել. երբ հանրապետությունով պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես, ասում են, որ ամեն ինչ լավ է, բայց աղբահանությունը` վատ: Պարո'ն Կարայան, պարո'ն Նարեկ Սարգսյան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջության վայրերին, Սևանի կղզու, եկեղեցու շրջակայքին: Նայում եք այնտեղի բուդկաները և այլ շինությունները և մեկ շաբաթվա ընթացքում անցնում կարգավորման: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների տոպրակները… Եթե քամի է` օդի մեջ են, եթե` չէ, գետինը չի երևում: Պարո'ն Լոքյան, լինում եք մաքսիմալ կոշտ»,- հանձնարարեց վարչապետը: