կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 12:56
Քաղաքական

2014թ. փետրվարի 12-ը ԲՀԿ-ի համար դժբախտություն էր. Վարդան Բոստանջյան

2014թ. փետրվարի 12-ը ԲՀԿ-ի համար դժբախտություն էր. Վարդան Բոստանջյան

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռ պլաններ չունի առաջիկա քաղաքական գործընթացների, մասնավորապես` առաջիկա խորհրդարանական ընտրացուցակում ներգրավվելու վերաբերյալ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Խոշոր հաշվով` այդ երկու անգամն էլ, որ պատգամավոր եմ եղել, առանց որևէ պլանավորման և առանց լարվածության է ստացվել: Հաճելիորեն ուրախանում եմ, երբ այդ մասով իմ մասին գրում են թերթերը: Բոլոր դեպքերում` հավատացնում եմ, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա: Եթե կուսակցության կողմից առաջարկ լինի՝ որևէ հնարավոր օգնության, մասնակցության կտրվածքով, ցանկացած պարագայում, եթե մազաչափ իսկ ի զորու եմ օգուտ բերել, ուրեմն կարող եք չկասկածել, որ ես կուսակցության կողքին կլինեմ, բայց թե դա ինչի՞ կվերածվի՝ ընտրացուցակի՞, թե՞ պատգամավորության, ես նման բաների գերին չեմ դառնում»:

Խոսելով կուսակցությունում տեղի ունեցող ներկայիս գործընթացների մասին` ԲՀԿ-ականն ասաց. «2014թ. փետրվարի 12-ը ԲՀԿ-ի համար կարելի է որակել որպես դժբախտություն: Կուսակցությունն ակամայից հայտնվեց  ոչ ցանկալի ու վատ վիճակում: Բնականորեն, պետք է տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ ու հիմա էլ շարունակվում է: Որոշ մարդիկ համաձայն չէին կուսակցության ընդհանուր գծի հետ, ընդդիմադիր կեցվածքի հետ, որոշները ուզում էին կոալիցիայի մեջ մտնել իշխանությունների հետ: Եվ ստացվեց այնպես, որ կուսակցությունից արդեն իսկ ահագին մարդ է հեռացել»:

Հարցին, թե կարելի՞ է այդ գործընթացն անվանել «ԲՀԿ-ի ինքնամաքրման գործընթաց», եթե հեռանում են հենասյուները, գործող ու խելացի անդամները, Բոստանջյանն արձագանքեց. «Եկեք իրար հետ փնտրենք, ուրիշ բառ գտնենք: Երդվում եմ բոլոր տիեզերական սրբություններով, որ ես երբևիցե ԲՀԿ-ից վիրավորված կեցվածք չեմ ունեցել: Ես միշտ առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով՝ ինչ-որ կատարվում է, դա ճիշտ է: 2012-ին ես օտարվեցի այդ տեղամասից, կուսակցությունից` որպես ֆիզիկական անձ, կարող էի ինձ նեղված զգալ: Հիմա դա ինքնամաքրում կանվանեք, սխալ կանվանեք, թե` ինչ, միևնույն է, դա տեղի է ունեցել»:

Նա կարծիք հայտնեց, որ եթե կոչ է արվում բոլոր կուսակցություններին` հավաքվել ու փորձել երկրի վիճակը լավացնել, ուրեմն պետք չէ այդ կոչն անուշադրության մատնել:

ԲՀԿ-ականը հայտնեց նաև, որ չի պատրաստվում հեռանալ ԲՀԿ-ից:

Բոստանջյանը խոսեց նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նկատմամբ իր վերաբերմունքի մասին` ասելով, որ թեև տարբեր որակումներ եղան, բայց ինքը կարծում է, որ դաշնակցական պաշտոնյաները միշտ գրագետ ու մակարդակով են եղել:

«Թող լավացնեն իմ երկիրը, թող` ոմանք չեն սիրում Արծվիկին, ոմանք՝ Լոքյանին, բայց բոլոր էս տղերքն էլ երբևիցե եղել է՞, որ իրենց չարդարացնեն: Ես չեմ ասում «մերոնք», «ձերոնք», «սրանք», «նրանք»: Եթե հնարավոր է համատեղ հասնել բարձր արդյունքի, ուրեմն թող անեն էդ բանը: Չորակեք, որ բարձրագոչ բաներ եմ ասում, բայց իսկապես ես ի՞նչ անեմ, որ սենտիմենտալ եմ ու սիրում եմ իմ երկիրն էլ, իմ քաղաքացուն էլ»,- ասաց Բոստանջյանը: