Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Независимая газета թերթում հրապարակվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որում նա անդրադարձել է հայ-ռուսական բարեկամական կապերին:
«Այսօր նշանակալի օր է. 25 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:
Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների հակառակ կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը բազմիցս կռվել են շատ ռազմաճակատներում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը` հիշեցնելով Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալների, մարշալների անունները, որոնք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հպարտությունն են:
Նալբանդյանը նշել է նաև երկու երկրների հպարտությունը հանդիսացող պետական գործիչներին, գիտնականներին և արվեստի մարդկանց:
«Այսօր հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է, որը հետխորհրդային տարածքում ամենահաջողներից և արդյունավետներից մեկն է»,- գրել է Նալբանդյանը:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունի իրավապայմանագրային հիմք` Բարեկամության, գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, ստորագրվել է ավելի քան 200 պայմանագիր ու համաձայնագիր:
Նալբանդյանի խոսքով` պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով, իրականացվում է սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցություն:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը գրում է, որ Ռուսաստանը կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր է, հայկական արտադրանքի արտահանման շուկա: Ըստ նախարարի` զարգանում է համագործակցությունը էներգետիկայի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, հումանիտար, մշակութային, գիտական, առողջապահության, տուրիզմի, կրթական ոլորտներում:
Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանում գործող ռուսական բուհերի և ռուսաց լեզվի մեծ նշանակության մասին:
ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը` նշելով, որ Ռուսաստանը մեծ դերակատարում ունի այդ խնդրի լուծման գործում: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդային ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- գրել է նա:
Նալբանդյանը հավելում է, որ թեև ադրբեջանական կողմը շարունակաբար փորձեր է կիրառում 1994-ի համաձայնագրի տապալումը իրականացնելու համար, այդ թվում՝ անցած տարվա ապրիլին ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ մյուս երկրների հետ համատեղ շարունակում է ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման և հակամարտության խաղաղ կարգավորման համար: