Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող թեզերին: «Այս ամենի մեջ, որպես դրական կողմ, տեսնում եմ այն, որ մենք ամբողջ աշխարհին ներկայանում ենք որպես քաղաքակիրթ ժողովուրդ, հանդուրժող հասարակություն ունեցող պետություն, որտեղ կարող են ազատ քննարկումներ իրականացվել, ինչպիսին իրականացնում է ՀԱԿ-ը»,- ասաց նա` հավելելով, որ տպավորություն է՝ վերոնշյալ քաղաքական ուժն իրականացնում է Ադրբեջանի քարոզչությունը:
«Կա քաղաքական ուժ, որ հենց Ադրբեջանի քարոզիչն է դարձել, որովհետև այն, ինչ ասում են նրանք, դուք ուղիղ կլսեք նաև պաշտոնական Բաքվի շուրթերից»,- նշեց Ռուստամյանը:
Նա համոզված է, որ այդ առաջարկը կործանանար է ՝ նկատի ունենալով այն հարևանի գործոնը, ում հետ, ըստ այդ ծրագրի, պետք է այդ խաղաղությունն ունենանք: «Այդ հարևանն ուզում է քո՝ օր առաջ ոչնչացումը, դրանով է դաստիարակում իր ամբողջ սերնդին, որևէ զիջում այդ հարևանը չի պատրաստվում կատարել: Էդ որ ասում են` փոխզիջում, իրականում նման բան չկա: Ադրբեջանի ամենաբարձր զիջումն այն է, որ Ղարաբաղին տան ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Դա ծիծաղելի է պարզապես: Էլ չեմ ասում, որ այդ ծրագիրն առաջարկելուց առաջ պետք էր հարգել սեփական ժողովրդի կարծիքը և հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, իսկ այդ կարծիքի հետ Տեր-Պետրոսյանը երբեք հաշվի չի նստել»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը:
Նրա բնորոշմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կյանքի նպատակն է դարձրել մեզ պարտադրել բոլորովին այլ հայեցակարգ, որը չի համատեղվում Ղարաբաղի ժողովրդի պատկերացումների հետ:
Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ինքն առաջարկում է այն ծրագիրը, որի շուրջ Հայաստանի իշխանություններն են բանակցում, Ռուստամյանն արձագանքեց. «Նախ` հարց է առաջանում` եթե Սերժ Սարգսյանը դա անում է, Լևոն Տեր-Պետրոսյանի մեջտեղ գալու իմաստը ո՞րն է: Հիմա դու եկել ես հրապարակ, ի՞նչ ես անում, համ էլ ասում ես ՝ ես ընդդիմությո՞ւն եմ: Հետո էլ ասում է՝ միայն այդ մասով է պաշտպանում Սարգսյանին, բայց մյուս խոսքն էլ այն է լինում, որ այն բոլոր պրոբլեմները, որ այսօր Հայաստանում կան՝ արտագաղթ և այլ չլուծված խնդիրներ, Ղարաբաղի չլուծված խնդրի պատճառով են: Սա նշանակում է, որ նա արդարացնում է գոյություն ունեցող խնդիրները»:
Ռուստամյանը նշեց նաև, որ մադրիդյան սկզբունքները ներառում են կարևոր տարրեր, որոնց մասին Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում խոսել: «Այդտեղ կարգավիճակի լուծման ձև կա, նրա ժամանակ այդ լուծումը չկար, կար փուլային տարբերակ` որ ամեն ինչ հանձնենք, նոր հետո անդրադառնանք կարգավիճակի հարցին: «Տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ենթադրում է կարգավիճակի ստացում, հետո նոր տարածքների հանձնում, իսկ նրանք հակառակն են ասում: Թող դրա մասին խոսեն, ուրիշներին մեղադրելը հեշտ է: Լևոն Տեր-Պետրոսյանը թող պատասխանի հարցին՝ ո՞նց եղավ, որ իր շրջապատը հանդուրժում էր իրեն, բայց երբ փաստաթուղթ բերվեց, և Անվտանգության խորհուրդը հասկացավ, որ այս փաստաթղթի ստորագրումն ինչ վտանգներ է պարունակում, որ դա ձեռնտու է Ադրբեջանին, այլ պահվածք որդեգրեց: Ադրբեջանը մադրիդյան սկզբունքներին դեմ է, սա շատ կարևոր է»,- ասաց նա:
Արձագանքելով դիտարկմանը` եթե այս փաստաթուղթը չստորագրվի, մեզ առաջարկվելու է ավելի վատ պայմաններով փաստաթուղթ, Ռուստամյանն ասաց. «Պատերազմի մեջ գտնվող երկրում այսպիսի՝ ուժերը ջլատող քարոզչություն իրականացնել ինչպե՞ս կարելի է: Նա ասում է այն, ինչ ասում է Արբեջանը»:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդի իր գործընկերների բերանից նույն բանն է լսում, բայց չէր ցանկանա նույն շարքում տեսնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: «Նրանց ես նույն պատասխանն եմ տալիս` բայղուշություն մի ՛ արեք մեր ժողովրդի գլխին»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը: