կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 17:58
Հասարակություն

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը որևէ ձևով չի առնչվում նախընտրական քարոզարշավին. Բագրատ Եսայանը հերքում է

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը որևէ ձևով չի առնչվում նախընտրական քարոզարշավին. Բագրատ Եսայանը հերքում է

Օրեր առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե Հայաստանի ազգային սկաուտական շարժման՝ ՀԱՍԿ հասարակական կազմակերպության գրասենյակը նախընտրական քարոզչության օրերին ծառայում է որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբ: Նշվում էր, որ սկաուտական շարժման գրասենյակում փակցված են ՀՅԴ-ի, ինչպես նաև ՀԱՍԿ-ում երկար տարիներ տարբեր վարչական պաշտոններ զբաղեցրած, այժմ թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ից որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու առաջադրված Բագրատ Եսայանի նախընտրական պաստառները:

Yerkir.am-ը զրուցեց ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի և Համաշխարհային սկաուտության կոմիտեի անդամ Բագրատ Եսայանի հետ՝ հասկանալու, թե շրջանառվող լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

Եսայանը նշեց, որ խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է անդրադառնա առնվազն երեք հարցի՝ ի՞նչ է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը, ի՞նչ է Համաշխարհային սկաուտությունը, և ի՞նչ է ապաքաղաքական պահանջը սկաուտության մեջ:

Ըստ նրա՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը /ՀՄԸՄ/ ստեղծվել է 99 տարի առաջ՝ 1918-ին, և Հայաստանում վերահիմնադրվել 1989-ին: Այն հիմնականում գործել է Սփյուռքում և եղել ազգային դաստիարակություն սերմանող սկաուտական կազմակերպություն: «Այն գաղափարակից է եղել ՀՅԴ-ին, քանի որ այդ ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր, և, այո, կար մանկական պիոներական շարժումը: Սփյուռքում ևս կային տարբեր կազմակերպություններ, տարբեր սկաուտական շարժումներ, որոնց համար, սակայն, ազգային դաստիարակությունը կարծես երկրորդ պլանում էր: Այդ պատճառով էլ, որպես գաղափարակից կազմակերպություն, ՀՄԸՄ-ը Սփյուռքում միշտ գործել է Դաշնակցության հետ ձեռք ձեռքի, բայց չի եղել դրան ենթակա կազմակերպություն: Հայաստան վերադառնալուց և Հայաստանի անկախանալուց հետո ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը, որպես իր հիմնական խնդիր, որդեգրեց ՀՀ պարտաճանաչ, գիտակից և կարգապահ քաղաքացիների դաստիարակության գործը: Այս առումով ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը երբեք չեն շեղվել իրենց որդեգրած` ավանդական այս ուղղությունից»,- ասաց Եսայանը` հավելելով, որ կազմակերպությունը հետագայում անդամակցեց նաև Համաշխարհային սկաուտական շարժմանը:

Անդրադառնալով Համաշխարհային սկաուտական շարժմանը, որի կոմիտեի անդամ է ինքը, Եսայանը նշեց, որ 1995-ից հետո, երբ սկսվեցին բանակցությունները ՀՍՇ անդամագրվելու համար, սկաուտական շարժման հիմնական պահանջներից էին, որ շարժումը ցանկացած երկրում պետք է լինի ապաքաղաքական, ապառազմական և պետք է ծառայի պարտաճանաչ, գիտակից քաղաքացիների դաստիարակությանը: Այս առումով, ըստ Եսայանի, կարծես որևէ հակասություն չկար:

«Հոդվածը, որ լույս է տեսել լրատվամիջոցներից մեկում և հղում է արվում մեր կազմակերպության նախկին մի քանի անդամների, խնդրո առարկա է դարձնում, թե արդյո՞ք որևէ սկաուտական կազմակերպության շենքում որևէ մեկի նախընտրական շտաբի գոյությունը նշանակում է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի քաղաքականացում, այսինքն՝ Համաշխարհային սկաուտական շարժման սկզբունքի խախտում: Պաշտոնապես հայտարարում եմ`  ինչ-որ ձևով որևէ սկաուտի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, ցանկացած կուսակցության կողմից, ցանկացած երկրում չի կարող դիտարկվել որպես այդ երկրի սկաուտական կազմակերպության քաղաքականացում: Ընդհակառակը` սկաուտությունը, որպես հիմնական խնդիր, իր առջև դնում է ոչ միայն կարգապահ քաղաքացիների դաստիարակությունը, այլև իր կազմակերպության անդամներին տարբեր երկրներում նախապատրաստում է լիդերությանը իրենց հասարակության մեջ»,- ասաց Եսայանը:

Նա նշեց` պատահական չէ, որ տարբեր` հիմնականում արևմտյան երկրներում քաղաքական, տնտեսական, մտավորական, գիտական էլիտաների մեծամասնությունը կազմում են նախկին սկաուտներ: Որպես այդպիսին` Եսայանը բերեց ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ռեքս Ուեյն Թիլերսոնի, Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Ջոն Մեյջերի և Թոնի Բլերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի օրինակները: «Ես անուններ եմ տալիս, ովքեր թե՛ իրենց երկրների, թե՛ միջազգային քաղաքական ասպարեզում հայտնի դեմքեր են, և երբեք որևէ հակասություն չի եղել, որ նրանք իրենց սկաուտական կազմակերպությունների մեջ լինեն, իսկ հետագայում լիդերություն ստանձնեն որոշակի քաղաքական ուղղություններում: Արդյո՞ք Հայաստանում սկաուտական շարժման անդամներից որևէ մեկին արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավին: Ուղղակի ասեմ՝ ո՛չ, այդպիսի բան չի կարող լինել, մանավանդ` մեր երկրի ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը նախատեսում են 100 տոկոսով կուսակցական համամասնական ընտրություններ»,- ասաց Եսայանը: Դրա համար էլ, ըստ նրա, սկաուտական կազմակերպությունից ինքը և մեկ ուրիշը` «Ելք» դաշինքից, այսօր մասնակցում են քարոզարշավին:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք նախընտրական շտաբ կարող է գոյություն ունենալ գրասենյակի առաջին հարկում, ապա, Եսայանի հավաստմամբ, սկաուտական շարժման անդամներից որևէ մեկը, եթե իր քարոզարշավն իրականացնում է առանց սկաուտական համազգեստի և դրա ընթացքում չի օգտագործում սկաուտների մարդուժն ու կազմակերպության ֆինանսները, ինչպես նաև եթե սկաուտական կազմակերպությունը հայտարարություն չի անում, որ ինքը սատարում է քաղաքական այս կամ այն գործչին, նրա նախընտրական արշավը չի կարող համարվել սկաուտության քաղաքականացում: «Սկաուտական շարժումը բոլոր երկրներում շահագրգռված է, որ իր անդամները լինեն աչքի ընկնող քաղաքական գործիչներ և մտնեն իրենց երկրի պառլամենտները, որպեսզի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հասարակության, երիտասարդության հիմնական խնդիրներին: Ես կամ որևէ մեկը, ով ցանկանում է նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործել սկաուտական գրասենյակի կամ կազմակերպության որևէ տարածք, սեփականություն, պարտավոր է պայմանագիր կնքել կազմակերպության ղեկավար մարմնի հետ՝ տվյալ տարածքը վարձակալելու համար, ինչը և իմ պարագայում արվել է. ես այդ տարածքը վարձակալել եմ. իմ ու ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության միջև շատ պարզ հարաբերություն է: ՀԱՍԿ-ը որևէ ձևով չի առնչվում նախընտրական քարոզարշավին, դա իմ նախընտրական քարոզարշավն է, և ես` լինելով սկաուտ և ՀՍՇ կոմիտեի անդամ, չեմ օգտագործում սկաուտական համազգեստը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտները քարոզչություն չեն իրականացնում իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, սկաուտության ֆինանսական միջոցները  չեմ օգտագործում, և ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչությունը որևէ քաղաքական հայտարարություն չի արել ինչ-որ թեկնածուի աջակցելու վերաբերյալ»,- շեշտեց Եսայանը:

Ամփոփելով խոսքը` նա նշեց, որ եթե կա ինչ-որ լրատվամիջոց, պետական մարմին, կազմակերպության անդամ կամ կազմակերպության համար սրտացավ մեկը, ով կասկածի տակ է առնում այս ամենը, կարող է նամակով դիմել սկաուտության ղեկավար մարմիններին և պաշտոնական պարզաբանում ստանալ նրանցից:  

Հարցին` այնուամենայնիվ, պատրաստվո՞ւմ է հանել պաստառները գրասենյակից, Եսայանը պատասխանեց՝ ո՛չ, քանի որ ամեն ինչ օրինական է: