կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 20:20
Հասարակություն

«Պտույտ մը» Երեւանում

«Պտույտ մը» Երեւանում

Երեւանի նախկին Ծածկած շուկայից քիչ այն կողմ՝ գետնանցման մոտ մի գրեթե տատիկ անցորդներին պահանջկոտ ձայնով առաջարկում էր.

- Ծառուկյան վերցրե’ք, Ծառուկյա~ն։

Մի քիչ հեռվից ինչ ասեք՝ անցավ մտքովս, մոտենալով՝ հանգիստ շունչ քաշեցի. գրեթե տատիկը պարզապես նախընտրական քարոզարշավի թերթիկներ էր բաժանում՝ ԲՀԿ առաջնորդի լուսանկարով։

- Վա~յ, էս չե՞ս վերցնում,- քարոզաթերթիկն արդեն իմ աչքն էր փորձում մտցնել ոչ երիտասարդ քարոզչուհին։

Հաջողությամբ խուսանավելով՝ շրջանցեցի նրան, բայց քիչ մնաց բերանքսիվայր փռվեի մայթին։ «Բայց ինչ աչք ուներ» չհասցրի մտածել, երբ շատ արագ պարզվեց, որ մայթից մի պոկված կտորի էի բախվել։

Հա, հիշեցի. չնայած նրան, որ Երեւանը աշխարհի ամենագեղեցիկ ու հարազատ քաղաքն է (գոնե մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած վերադարձածների համար), բայց զգույշ եղեք Երեւանի ամենակենտրոնական փողոցով՝ Մաշտոցի պողոտայով քայլելիս։ Թե’ երթեւեկելի մասը, թե’ մայթերը մի տեսակ ռելիեֆային-դարուփոսային են։ Գուցե քաղաքի հայրերը հատուկ են այդպես պահում-պահպանում կենտրոնի «պատմական» դիմագիծը՝ կարծես անընդհատ հիշեցնելով, որ Հայաստանը լեռնոտ երկիր է, բայց ասեմ ձեզ՝ հեչ, հեչ հարմար չէ։ Մանավանդ, երբ կարոտած-սիրահարված զննում ես հին ու նոր շենքերը, փորձում հընթացս հասկանալ՝ ինչ է ավելացել ու ինչ պակասել, քանի նոր խանութ բացվել ու քանիսի վրա է գրված՝ «Տրվում է վարձով»։ Ու մեկ էլ՝ ոտքդ հերթական քարին է առնում։ Ավելի լավ վիճակում չեն Աբովյան փողոցի մայթերը։ Այնտեղի առանձնահատկությունը թուլացած կամ տեղից ընկած սալիկներն են պարզապես։ Հասկանալի է իհարկե, որ սառցառատ ձմռանից հետո փողոցներն ու մայթերը վերանորոգման կարիք են ունենում, բայց ինչպես է ստացվում, որ, օրինակ, Արամի ու Աբովյան փողոցների անկյունում՝ «Մարկո Պոլո»-ի դիմացի սալիկները ամեն տարի ամրացնում են կամ հանում՝ նորերն են շարում։ Գուցե այդ հատվածում ինչ-որ անոմալիա՞ է, ու սալիկներն իրենք իրենց պոկվում-նետվում են անցորդների ոտքի տակ։ Ի՞նչ իմանաս։ Մի քանի տարի առաջ այդպիսի վիճակում էր Հյուսիսային պողոտան. տարին 12 ամիս այնտեղ սալիկապատում էին, հետո մի քիչ անց ինչ-որ նոր փոսեր էին փորում, որ հետո էլի սալիկապատեն։ Այս անգամ Հյուսիսայինին ոնց որ թե հանգիստ են թողել։

- Լսի, մի հատ չտփե՞նք սրանց, հլը դրանց գոռգոռոցին նայի։

Սա արդեն 22-25 տարեկան 2 երիտասարդի դժգոհ քրթմնջոցն է՝   Հանրապետության հրապարակի՝ դեռեւս չգործարկված շատրվանների մոտ։ Դժգոհության պատճառը հարեւան երկրից Հայաստան ժամանած իրանցիների խումբն է։ Դե զբոսաշրջիկներն ինքնին աղմկոտ ժողովուրդ են, իսկ Նովրուզի առիթով մեզ մոտ եկած ու մեր սպասարկման ոլորտում ոչ քիչ գումար ծախսող իրանցիները՝ առավել եւս։ Այնքան էլ չհասկացա երիտասարդ հայրենակիցներիս դժգոհությունը, բայց էն մի բարձրահասակ կանաչ վերնազգեստով պարսիկը ինձ էլ դուր չեկավ. ոնց որ թե մի քիչ երկար էր նայում մեր հայ գեղեցկուհիների ետեւից:

Երեւանով հիանալով ու մեկընդմեջ դայթելով ՝ չէի նկատել, որ պտույտ եմ տվել ու կրկին հայտնվել Ծածկած շուկայի մոտ։

- Ծառուկյան վերցրե’ք, Ծառուկյա~ն:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ